«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ազատ է արձակվել

«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դատարանում քննվում էր Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու միջնորդությունը:

Դատարանի մոտ խմբված Աշոտ Ղազարյանի հարազատները լրագրողների հետ զրույցում ասել էին, որ նա, իրեն անհիմն ձերբակալելու համար, հացադուլ և ջրադուլ է հայտարարել։
«Դատավարությունից ակնկալում եմ միայն անաչառություն,- մինչ վճռի կայացումը դատարանից դուրս գալիս հայտարարեց «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը,- Դատարանը հասկացավ՝ ինչ է կատարվել: Ես ապօրինություններին դեմ եմ, հույս ունենք, որ դատարանը կկանխի ապօրինությունները»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է ԱԱԾ-ն նման գործողություններ ծավալել, եթե, ինչպես նշում եք, հիմքեր չկան, նա պատասխանեց. «Նրանց հարցրեք: Առայժմ հիմքեր չկան, հիմքեր կլինեն այն ժամանակ, երբ ունենան փաստեր, որ Աշոտ Ղազարյանն ինչ-որ բանից տեղյակ է: Ինձ մեղադրում են հիմնադրամից գումար փոխանցելու թույլտվության մեջ»:

Նա նաև ներկայացրեց, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված անձինք, ովքեր ապօրինությունների մասին տեղեկացրել են, նկատի են ունեցել «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:

ԱԱԾ աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սև տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով:
Դրանից հետո հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը:

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ «հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»:

Տեսանյութեր

Լրահոս