«Երևան» հիմնադրամի նախագահ Աշոտ Ղազարյանն ապօրինի ձերբակալության համար հացադուլ և ջրադուլ է անում
Այս պահին Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Երևան» հիմնադրամի նախագահ Աշոտ Ղազարյանի խափանման միջոց կալանքի միջնորդության դատական նիստը։ Լրագրողներին չեն թողնում ներկա գտնվել դատական նիստին։ Դատարանի հսկիչները ԶԼՄ ներկայացուցիչներին ասել են, որ նիստը փակ է, և ոչ աշխատանքային օր է, ուստի չեն կարող ներս թողնել։ Դատավորի օգնականը դատարանի մոտ հավաքվածներին ասել է, որ դատախազը միջնորդել է կալանքն ընտրել որպես խափանման միջոց՝ նշելով, որ չի կարող ներս թողնել լրագրողներին, քանի որ նիստը դռնփակ է։
Դատարանի մոտ խմբված Աշոտ Ղազարյանի հարազատներն ասացին, որ նա, իրեն անհիմն ձերբակալելու համար, հացադուլ և ջրադուլ է հայտարարել։
«Դատավարությունից ակնկալում եմ միայն անաչառություն,- մինչ վճռի կայացումը դատարանից դուրս գալիս հայտարարեց «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը, – Դատարանը հասկացավ՝ ինչ է կատարվել: Ես ապօրինություններին դեմ եմ, հույս ունենք, որ դատարանը կկանխի ապօրինությունները»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է ԱԱԾ-ն նման գործողություններ ծավալել, եթե, ինչպես նշում եք, հիմքեր չկան, նա պատասխանեց. «Նրանց հարցրեք: Առայժմ հիմքեր չկան, հիմքեր կլինեն այն ժամանակ, երբ ունենան փաստեր, որ Աշոտ Ղազարյանն ինչ-որ բանից տեղյակ է: Ինձ մեղադրում են հիմնադրամից գումար փոխանցելու թույլտվության մեջ»:
Նա նաև ներկայացրեց, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված անձինք, ովքեր ապօրինությունների մասին տեղեկացրել են, նկատի են ունեցել «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը: