Բաժիններ՝

ՀՀ մշակույթի նախարարը ծանոթացավ Գյումրու մշակութային կառույցների խնդիրներին

: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հունիսի 16-ին ճանաչողական այցով Գյումրիում էր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մինչ Գյումրիում շրջայց կատարելը, մշակույթի նախարարը հանդիպեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին: Հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է ստեղծել մշակութային շարժական հարթակ, որը նաև գրադարան կներառի։Գրադարանում կլինեն նաև ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Մարզպետն առաջարկեց գրադարանում ներառել նաև շիրակցի գրողների ստեղծագործությունները։

Մարզպետարանի հանդիպումից հետո, նախարարն այցելեց Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին հիվանդանոցի շենք, ծանոթացավ շենքային պայմաններին: Օրեր առաջ Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն նախարարին էր դիմել նախկին հիվանդանոցի շենքը Գյումրու երկրագիտական թանգարանին հանձնելու առաջակով։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարը վստահեցրեց, որ այս հարցը մշակույթի նախարարության առաջնային ուշադրության կենտրոնում է։ Մակունցը վստահեցրեց, որ հնարավորության դեպքում նախարարությունը կփորձի լուծել նաև Գյումրու համերգային դահլիճի հարցը։

Մշակութային Գյումրին այս պահին չափորոշիչներին համապատասխան համերգային դահլիճ չունի։ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հավանություն էր տվել Գյումրու Սևյանի անվան նախկին պալատը վերանորոգելու և որպես համերգային դահլիճ ծառայեցնելու առաջարկին։ Լիլիթ Մակունցը նշեց, որ կվերանայվեն նախկինում եղած բոլոր ծրագրերը և հնարավորության դեպքում դրանք կյանքի կկոչվեն ըստ առաջնահերթության։ Այցի շրջանակում նախարարը եղավ նաև Սև բերդ ամրոցում, մարզային գրադարանում, այն կառույցում, որտեղ այս պահին տեղակայված է երկրագիտական թանգարանը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս