Յուլյա Տիմոշենկոն առաջարկել է Ուկրաինայում հաստատել խորհրդարանական հանրապետություն՝ կանցլերի պաշտոնով
«Բատկիվշչինա» ուկրաինական խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հանդես է եկել կառավարման խորհրդարանական ձեւի հանրային քննարկում անցկացնելու առաջարկությամբ: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 15-ին՝ Կիեւում ելույթ ունենալով «Ուկրաինայի նոր ուղեգիծը» համաժողովում։
«Ես ցանկանում եմ հասարակության քննարկմանն առաջարկել կանցլերական տիպի խորհրդարանական կառավարման ձեւը»,-Տիմոշենկոյի խոսքը մեջբերում է «Վեստի» ուկրաինական հրատարակությունը: Ընդ որում՝ միավորման առաջնորդը նշել է, որ կառավարման խորհրդարանական ձեւն ապացուցել է իր առաջնությունը բնակչության բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում:
Տիմոշենկոն կարծում է, որ Ուկրաինային հարկավոր է նոր քաղաքականություն, որը պետք է նրան վերածի Սինգապուրի: Նրա խոսքով՝ դա Ուկրաինայում խաղաղություն հաստատելու, Դոնբասը պահելու, վետերաններին պաշտպանելու, ինքնակառավարման համակարգ ստեղծելու, հուսալի տնտեսական համակարգ կերտելու, ինչպես նաեւ բնապահպանությամբ զբաղվելու քաղաքականությունն է:
Ինչպես հայտնել է «Դելովայա ստոլիցա» հրատարակությունը, «Բատկիվշչինա»-ի առաջնորդն ընդգծել է, որ Ուկրաինան ուժասպառ է եղել, բարեփոխումները վարկաբեկված են, ուկրաինացիներին հարկավոր էերկիրն ստեղծել մաքուր էջից: Տիմոշենկոյի խոսքով, հենց դա պետք Է դառնա ազգային գաղափար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: