Բաժիններ՝

Թրամփը մտադիր է 25 տոկոս մաքսեր սահմանել ներմուծվող ավտոմոբիլների համար. Politico

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 25-տոկոսանոց մաքսեր սահմանել արտասահմանյան արտադրության ավտոմոբիլների եւ դրանց պահեստամասերի ներկրման համար՝ ամերիկյան տնտեսական շահերի պաշտպանության շրջանակներում: Հունիսի 15-ին այս մասին հայտնել է ամերիկյան Politico թերթը։

«Թրամփը ներմուծվող ավտոմոբիլների մաքսերի սահմանումը համարում է իր միջնաժամկետ ռազմավարության կարեւոր մասը,- մեջբերում է հրատարակությունն ԱՄՆ-ի վարչակազմի՝ անունը չհայտնած բարձրաստիճան ներկայացուցչի խոսքը:- Նախագահն ավտոմոբիլների ներմուծման արգելափակիչ մաքսերի սահմանումը դիտում է որպես ամերիկյան տնտեսության խթանման փորձ»:

Թերթի զրուցակցի խոսքով՝ նշված ներմուծական մաքսերի սահմանումը նաեւ քաղաքական աստառ ունի: «Դա Հանրապետական կուսակցությունը եւ գործող վարչակազմը որպես ամերիկացի աշխատավորների պաշտպաններ ներկայացնելու փորձ է՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ին երկրում միջանկյալ ընտրությունների անցկացման նախաշեմին քաղաքական դիրքերն ուժեղացնելու նատակով»,- ասել է պետական պաշտոնյան: Այսօրվա դրությամբ արտասահմանյան մակնիշներին է բաժին ընկնում ԱՄՆ-ի ավտոմոբիլային շուկայի ավելի քան մեկ երրորդը:

Անցյալ տարի երկրի տարածքում վաճառված 17,3 միլիոն ավտոմեքենաներից տեղական արտադրության է եղել շուրջ 11 միլիոնը: 2017 թվականին ԱՄՆ-ին արտասահմանյան ավտոմոբիլների եւ պահեստամասերի մատակարարումների միագումար ծավալը գերազանցել 228 միլիարդ դոլարը: Ըստ որում Միացյալ Նահանգների ավտոմոբիլային գործարանների արտադրական հնարավորությունները, թերթի տվյալների համաձայն՝ գործի են դրվել 80 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս