Բաժիններ՝

«Երևան» հիմնադրամը տեղեկատվություն չի ներկայացրել իր ստացած գումարների վերաբերյալ. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեն աշխատում է բոլոր հիմնադրամների ուղղությամբ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Այն հիմնադրամները, որոնք պարտավոր էին ներկայացնել տեղեկատվություն, սակայն չեն ներկայացրել, մենք վարչական վարույթի շրջանակներում իրենց վարչական տուգանքի կենթարկենք»,- ասաց Դ.Անանյանը` նշելով, որ «Երևան» հիմնադրամը տեղեկատվություն չի ներկայացրել իր ստացած գումարների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, քաղաքացիներին պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

ԱԱԾ-ում նշել են, որ նման հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Երևանի քաղաքապետարանի շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ միջոցառումներ և քննչական գործողություններ՝ քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս