Բաժիններ՝

Աշխարհում առաջին անգամ վարչապետը կծննդաբերի, դեկրետ կգնա ու կվերադառնա

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դարձել է պատմության մեջ ընտրված աշխարհի առաջին ղեկավարը, որը գնացել է դեկրետային արձակուրդ: Այդ մասին գրում է Time-ը:

Նոր Զելանդիայի կառավարության 37-ամյա ղեկավարն ուղեւորվել է տուն՝ Օքլենդ, որպեսզի նախապատրաստվի իր առաջին ծննդաբերությանը, որը, բժիշկների կանխատեսմամբ, սպասվում է հունիսի 17-ին: Դրանից հետո նա վեց ամսով արձակուրդ կգնա երեխային խնամելու համար:

Արդեռնն իր հղիության մասին հայտարարել էր հունվարին: «Ես միաժամանակ աշխատող եւ երեխա դաստիարակող առաջին կինը չեմ: Ես հասկանում եմ, որ իմ իրավիճակն առանձնահատուկ է, բայց ես գիտեմ, որ բազմաթիվ կանայք ինձնից շատ առաջ գլուխ են հանել աշխատանքը եւ մայրությունը համատեղելուց,-ասել է նա մամուլի ասուլիսում:-Ես ընդամենը հղի եմ, այլ ոչ թե գործունակությունս եմ կորցրել»:

Մինչ այդ նա նաեւ հայտարարել է, թե անընդունելի է համարում գործատուների այն հարցը, թե աշխատակցուհին պատրաստվում է արդյոք ծննդաբերել պաշտոնավարելիս:

Ինչպես գրում է հրատարակությունը, Նոր Զելանդիան ամենահաջողակ պետություններից մեկն է գենդերային հավասարության համար պայքարում: Արդեռնից առաջ կառավարության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել են երկու կանայք՝ Հելեն Քլարկը եւ Ջենի Շիպլին: Բացի այդ, երկրում գրանցված է կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի ամենափոքր տարբերությունը:

Արդեռնից առաջ 1990 թվականին դեկրետային արձակուրդ է գնացել Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն: Ապրիլին ամերիկացի սենատոր Թեմմի Դաքուորթը դարձել է Կոնգրեսի վերին պալատի առաջին անդամը, որը ծննդաբերել է պաշտոնավարության ընթացքում:

Ջասինդա Արդեռնը Նոր Զելանդիայի վարչապետն է դարձել 2017 թվականի աշնանը: Նա Լեյբորիստական կուսակցութըյան առաջնորդն է: Քաղաքական գործիչը քանիցս հիշատակել է իր ֆեմինիստական հայացքների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս