Ձեղնահարկում փոշոտված հին սկահակը աճուրդում վաճառվել է 16,2 մլն եվրոյով
Ճենապակե հին սկահակը, որը ձեղնահարկում տասնամյակներով փոշոտվում էր կոշիկի տուփի մեջ, աճուրդում վաճառվել է 16,2 մլն եվրոյով: Այդ մասին հայտնել է BBC News-ը: Փարիզի Sotheby’s աճուրդում դրված լոտի համար կատաղի պայքար է ծավալվել:
Սակարկությունները տեւել են անսովոր երկար՝ մոտավորապե՝ 20 րոպե: Առավելագույն գումարը 20 անգամ գերազանցել է գնահատողների կանխատեսումները, որոնք սպասում էին, որ այն կկազմի 500-ից մինչեւ 700 հազար եվրո: Ֆրանսիայում Sotheby’s-ի աճուրդներում ոչ մի իր այդքան թանկ չի վաճառվել:
Սկահակը նախկին տերերին ժառանգություն էր հասել: Մարտին տանտիրուհին, այն գտնելով ձեղնահարկում, որոշել է անոթը ցույց տալ գիտակ մարդկանց: Sotheby’s-ի՝ Ասիայի արվեստի գծով փորձագետի խոսքով՝ կնոջը հարկ է եղել աճուրդի տան գրասենյակ հասնել գնացքով եւ մետրոյով: Նա անգին սկահակն իր հետ տարել է լրագրի թղթով փաթաթած կոշիկի տուփի մեջ:
«Երբ նա տուփը դրեց իմ գրասեղանին, եւ մենք այն բացեցինք, փոքր իրը շփոթեցրեց բոլորին»,-հիշում է փորձագետը: 30-սանտիմետրանոց անոթը պատված էր գույնզգույն նախշերով, իսկ կայսր Այսինգյորո Խունլիի նշանը, որը Չինաստանում կառավարել է 1736-ից մինչեւ 1795 թվականներին, թույլ էր տալիս այն թվագրել 18-րդ դարով: Նախքան Ֆրանսիայում հայտնվելը, սկահակը պատկանում էր Ցիների կայսերական դինաստիային: Մասնագետները նշում են դրա բացառիկ պահպանվածությունը:
Նախկին տերերը կռահում էին, որ այդ իրն արժեք է ներկայացնում, բայց չգիտեին, թե այդքան մեծ: «Այն մեզ առանձնապես դուր չէր գալիս, իմ տատին ու պապին՝ նույնպես»,-բացատրել է կինը, որն այն բերել էր Sotheby’s: