Բաժիններ՝

Թրամփը ցանկանում է ԱՄՆ-ի զինվորականներին դուրս բերել Հարավային Կորեայից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որ ամերիկացի բոլոր զինծառայողները, որոնք տեղաբաշխված են Հարավային Կորեայում, վերադառնան տուն, բայց առայժմ խոսքը չի վերաբերում այդ հեռանկարին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից քաղվածքներ են հրապարակվել հունիսի 13-ին:

«Մենք 32 հազար զինծառայող ունենք Հարավային Կորեայում,- ասել է քաղաքական գործիչը:- Ես կցանկանայի նրանց տուն վերադարձնել»: «Բայց այժմ դա չի քննարկվում, սակայն հարմար պահին կքննարկվի»,- նշել է նա: «Ես կցանկանայի՝ մեր զորքերը դուրս բերել այնքան արագ, որքան որ կկարողանանք, որովհետեւ դա թանկ է նստում մեզ վրա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ կայացած հանդիպմանը չի քննարկել Կորեայի Հանրապետությունում ամերիկյան զորքակազմի թվաքանակի հնարավոր կրճատման թեման: «Մենք դա չենք քննարկել, ո՛չ, բայց մենք չենք պատրաստվում զորախաղեր խաղալ»,-նշել է նախագահը:

Նա հայտարարել է, որ այդ «զորախաղերը» «շատ սադրիչ են» եւ «շատ թանկ են նստում»: «Մենք դադարեցնում ենք այդ զորախաղերը: Մենք դրա վրա մի ամբողջ կարողություն ենք ծախսում»,-ասել է Թրամփը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է զորավարժությունները Կորեական թերակղզու շրջանում: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպումը հունիսի 12-ին կայացել է Սինգապուրի Capella հյուրանոցում:

Բանակցությունների արդյունքներով՝ կողմերն ստորագրել են համատեղ փաստաթուղթ: ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն է ստանձնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս