«Այս պահի դրությամբ իմ հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը կոնկրետ հենց այս հարցով զբաղվում է». Տիգրան Ավինյանը՝ Թեղուտի խնդրի մասին
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ ինքը հանդիպել է Թեղուտի աշխատակիցների հետ, որոնք մի շարք մտահոգություններ են հայտնել։
«Շատ աշխատակիցներ հանքավայրը գործարկելիս իրենց հողերն էժան գներով վաճառել են Թեղուտ ընկերությանը և բանավոր ստացել են երաշխավորություն, որ 50 տարի և ավելի նրանք կունենան աշխատանք։ Բայց այսօր նրանցից գրեթե 1200-ի պայմանագրերը լուծարվել են, զրկվել են իրենց աշխատանքից, իրենց հողերից, իրենց ապրուստը հոգալու հնարավորություններից։ Իրենք իրենց աշխատավարձերի հաշվին վարկային պարտավորություններ էին վերցրել և այսօր չեն կարողանում այդ պարտավորությունները լուծել ու շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնած»,- նշեց Ա. Կյուրեղյանը ՝ հետաքրքրվելով, թե հնարավո՞ր է՝ հանքը նորից վերագործարկվի։
Ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս խնդիրը կառավարության առաջնահերթություններից է. «Ինքս հանդիպել եմ «Վալլեքս» ընկերության աշխատակիցների հետ, քաջատեղյակ եմ խնդրին։ Այս պահի դրությամբ իմ հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը կոնկրետ հենց այս հարցով զբաղվում է։ «Վալլեքսն» ունի խնդիրներ և՛ կառավարությանը վճարումների հետ կապված, և՛ խնդիրներ ՎՏԲ բանկի կետ կապված։ Այս հանձնաժողովը եկող շաբաթ կանի իր առաջին նիստը, և արդեն ըստ քննարկված հարցերի՝ լուծումներն առաջ կգան»։
Ա. Կյուրեղյանն ասաց, որ հանքի աշխատակիցները նաև տեղեկություններ ունեն, որ հնարավոր է՝ ընկերությունը սնանկության գործընթաց սկսի։ Ի պատասխան՝ Տ. Ավինյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի, բայց այդ հարցերը հանձնաժողովում կքննարկվեն։