Բաժիններ՝

Ռուսաստանը վերացրել է Վերին Լարսով Հայաստանին բնափայտի ու չմշակված փայտանյութի մատակարարման խոչընդոտը

Հունիսի 8-ից վերականգնվել է Ռուսաստանի Դաշնությունից Վերին Լարս բազմագոտի ավտոմոբիլային անցակետով (Վերին Լարս ԲԱԱԿ) Հայաստանի Հանրապետություն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 4401, 4403, 4404, 4406 ապրանքային դիրքերի բնափայտի ու չմշակված փայտանյութի ներկրման հնարավորությունը:

Համապատասխան որոշումն ընդունվել է Ռուսաստանի կառավարության կողմից: Արտահանումը ժամանակավորապես կասեցվել էր 2017 թվականի դեկտեմբերի 31-ից, քանի որ ուժը կորցրել էր այն հատուկ նորման, որը սահմանված էր Ռուսաստանի օրենսդրությամբ: Այդ մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության հունիսի 13-ի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության այս քայլը, որը միտված է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանը, հավաստում է եվրասիական պայմանավորվածությունները կատարելու երկրի մտադրությունը, նշվում է փաստաթղթում:

Վերին Լարսը հիմնական ավտոմոբիլային անցակետն է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստան փայտանյութի արտահանման սահմանափակումը հանվել էր 2017 թվականի հունվարին: Այն ժամանակ հայ եւ ռուս ձեռնարկատերերը հնարավորություն ստացան 2017 թվականի հունվարի 7-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստան բնափայտ ու չմշակված փայտանյութ ուղարկել անմիջականորեն Վերին Լարսով: Նոր նորման նման հնարավորություն է ընձեռում անժամկետ հիման վրա:

Ռուսաստանից փայտանյութի մատակարարումները կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար, նախեւառաջ այնպիսի խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրացնելիս, ինչպիսիք են՝ էլեկտրահաղորդման մալուխային գծերի տեղակայումը, մետրոպոլիտենի եւ երկաթուղիների շինարարությունը: Բացի այդ, ընդունված որոշումը նպաստում է Միության բոլոր երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս