Գյումրին անցնում է երթևեկության շրջանաձև կազմակերպման
Գյումրին անցնում է երթևեկության շրջանաձև կազմակերպման: Գյումրու Վարդանանց հրապարակում արդեն իրականացվել է այդ կարգով կազմակերպվող երթևեկությանը համապատասխան գծանշումներ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը՝ նշելով, որ մինչ 2017 թվականը հանրապետությունում գործել է մի կարգ, համաձայն որի շրջանաձև երթևեկության տրանսպորտային միջոցների վարորդները ճանապարհը զիջել են են շրջանաձև երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցներին, իսկ ներկայումս կատարվել են որոշակի փոփոխություններ: Գյումրիում շրջանաձև երթևեկության կարգավորման սկզբունքին են անցնում Վարդանանց, Կայարանամերձ և Շառլ Ազնավուրի հրապարակները: Վարդանանց հրապարակում արդեն գծանշումներն արված են շրջանաձև երթևեկության կարգով:
Շրջանաձև երթևեկությամբ առավելություն է տրվում շրջանաձև երթևեկություն կատարողին և շրջանաձև երթևեկության համար նախատեսված տարածքը լքողին: Այսինքն՝ հարակից տարածքներից, փողոցներից շրջանաձև երթևեկություն մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկություն կատարող և շրջանաձև երթևեկության համար նախատեսված տարածքը լքող տրանսպորտային միջոցներին: Գյումրիում շրջանաձև երթևեկության կազմակերպման գործընթացը կիրականացվի փուլ առ փուլ, հետագայում այդ կարգով երթևեկություն կկազմակերպվի մյուս հրապարակներում ևս: Երևանում երթևեկության շրջանաձև կազմակերպումը գործում է արդեն 1 տարի:
Արմենուհի Մխոյան