«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը

ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ երեկվա հարցուպատասխանը, ինչպես նաև մտահոգությունները քաղաքացիական հասարակության կողմից, «Ելք» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, և հույս ունենք, որ դատավորը չի ընտրվի»,- ասաց Մարուքյանը:

«Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց. «Հաշվի առնելով այն, որ թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, հաշվի առնելով այն, որ մենք չտեսանք, որ նա կարող է ունենալ սեփական կարծիք լրջագույն խնդիրների վերաբերյալ, կարող է ունենալ մասնագիտական խիզախություն և համարձակություն իր կարծիքը պաշտպանելու, եթե անգամ այն տարբերվող է, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ քվեարկությանը»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: ՍԴ անդամը խորհրդարանում պետք է ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայներով:

Տեսանյութեր

Լրահոս