Մակեդոնիայի նոր անվանումը կդրվի համազգային հանրաքվեի
Հունաստանը եւ Մակեդոնիան կարգավորել են երկարատեւ վեճը Հարավսլավիայի այս նախկին հանրապետության անվան շուջը: Այդ մասին հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը: Նրա խոսքով՝ երկու պետությունների համար ընդունելի է Հյուսիսային Մակեդոնիա անվանումը:
Համապատասխան փոփոխությունը կմտցվի երկրի Սահմանադրության մեջ: Ըստ որում երկրի քաղաքացիները կանվանվեն մակեդոնացիներ, ազգությունը՝ մակեդոնացի եւ լեզուն՝ մակեդոներեն: Դրա հետ մեկտեղ, այս տարա աշնանը երկու կառավարությունների մակարդակով ձեռք բերված որոշումը Մակեդոնիայում կդրվի համազգային հանրաքվեի:
Բացի այդ, երկու երկրների կառավարությունները կստորագրեն համապատասխան պայմանագիր: «Լուծելով Հունաստանի հետ վեճը՝ մենք կառուցում ենք բարեկամական հարաբերություններ, որոնք մինչ օրս երբեք չեն եղել: Մենք տրամադրված ենք եվրոպական հեռանկարի, մենք լուծում ենք բազմամյա վեճը եւ երկիրը դուրս ենք բերում մեկուսացումից»,- լրագրողներին հայտարարել է Զաեւը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:վ