«Երկու օր առաջ հանգամանորեն զրուցել եմ հանրապետության վարչապետի հետ». Գագիկ Հարությունյան

Հունիսի 11-ին Բարձրագույն դատական խորհուրդն իր արտագնա նիստն անցկացրեց Գյումրիում: Օրակարգում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ ընդհանուր հանդիպում-խորհրդակցությունից զատ` ընդգրկված էր դատարանի նախագահի ընտրությունը:

Նիստի մեկնարկին Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Գյումրիում հանդիպելու ցանկությունը պայմանավորված է նախևառաջ գյումրեցիներին իրենց հարգանքի տուրքը մատուցելով:

Խորհրդակցության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշեց, որ հանդիպումներ են ունեցել հանրապետության տարբեր ատյանների դատարանների նախագահների, դատավորների հետ և առաջիկա ամիսներին ևս շարունակելու են իրենց հանդիպումները՝ նպատակ ունենալով բոլորին տեղեկացնել Խորհրդի կողմից գործունեության եռամսյա ժամանակահատվածում ձեռնարկված գործնական  քայլերի մասին:

Գագիկ Հարությունյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց  Խորհրդի կողմից ընդունված որոշումների վրա՝ առանձնակի կարևորելով 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունված որոշումը՝ անթույլատրելի համարելով կոնկրետ գործի շրջանակում ստացված  ցանկացած միջամտություն, որը կդիտվի դատական անկախությունը ոտնահարող խոչընդոտ:

«Մենք ցանկանում ենք ձեզ փոխանցել այս պատգամը, որ թե՛ Գյումրիում, թե՛ Հայաստանի բոլոր անկյուններում այսուհետ որևէ մեկը եթե փորձի դատավորին ինչ-որ ձևով առաջարկ կամ ցուցում տալ, այն կդիտվի որպես ոչ միայն իր անկախությունը խաթարող, այլև, ընդհանրապես,  արդարադատության դեմ ուղղված քայլ:

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը շատ հստակ սահմանել է, որ եթե նման բան տեղի ունենա, դատավորը պարտավոր է հայտնել Բարձրագույն դատական խորհրդին: Մենք շատ ուրախ ենք, որ գործադիր իշխանության քաղաքական դիրքորոշումն ու մեր մոտեցումներն այս հարցում համընկնում են:

Պետք է ասեմ, որ երկու օր առաջ հանգամանորեն զրուցել եմ հանրապետության վարչապետի հետ, քննարկել ենք այս ոլորտի հետ կապված շատ հարցեր, նաև, թե ինչպես կարող ենք առաջիկայում հաղթահարել խնդիրները: Այս սկզբունքային մոտեցումը քաղաքական իշխանությունների մոտ շատ հստակ համոզմունք է, և մենք, մեր իրավասության շրջանակներում, պետք է կոչված լինենք՝ այն կյանքի կոչելուն:

Ավելին, ունենալու ենք թափանցիկ արդարադատական համակարգ, որտեղ Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական դեպարտամենտը, ընդհուպ դատարանի նախագահը, իրավունք չպետք է ունենան ցուցում տալու, միջամտելու  դատավորի գործունեությանը կոնկրետ գործի շրջանակում»,-նշեց Գագիկ Հարությունյանը, ապա հավելելով, որ Խորհրդի նպատակն է համատեղ ջանքերով բարձրացնել դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահությունը:

Այս ուղղությամբ կիրառելի գործնական քայլերից է էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը թույլ կտա, որպեսզի դատավորները կարողանան անկաշկանդ աշխատել, իսկ անընդհատ մշտադիտարկման միջոցով ուշադրության կենտրոնում պահել առաջացած խնդիրներն ու թերացումները:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը խիստ կարևորեց բոլոր այն խոչընդոտների հաղթահարումը, որոնք այսօր ազդում են արդարադատության արդյունավետության, դատարանների և դատավորների անկախության վրա: Գագիկ Հարությունյանը մասնավորապես շեշտադրեց դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը բոլոր ուղղություններով՝ այն բնորոշելով ոչ նորմալ, քանի որ վերջին հինգ տարում գրեթե երեք անգամ գործերի ծավալը մեծացել է:

Հատուկ ուշադրություն հրավիրվեց դատավորների վարքին, անձնական օրինակին ու պատասխանատվությանը: Հույս հայտնվեց, որ Գյումրին կարող է օրինակելի դառնալ այս ոլորտում ներկա համակարգային փոփոխություններն իրականացնելիս:

Արտագնա նիստի ավարտին Խորհուրդն անցկացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրություն՝ դատարանի դատավորների կազմից, ինչպես պահանջում է օրենքը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրությունն անցավ երկու փուլով: Խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ առաջին փուլի արդյունքներով արձանագրեց ձայների հետևյալ բաշխվածությունը.

  1. Գրիգորյան Վարդան – 0
  2. Գևորգյան Մեխակ – 0
  3. Թադևոսյան Արտակ – 0
  4. Խաչատրյան Լիլիթ – 3
  5. Հովհաննիսյան Գագիկ – 5
  6. Հովհաննիսյան Լենդրուշ – 0
  7. Մանուկյան Աշոտ – 1
  8. Միքայելյան Հայկանուշ – 0
  9. Միսակյան Վահե – 0
  10. Մկրտչյան Բագրատ – 1
  11. Մնացյան Սուրեն – 0
  12. Ղազարյան Հովհաննես – 0

Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ: Թեկնածուներից առավելագույն ձայներ ստացած Գագիկ Հովհաննիսյանի և Լիլիթ Խաչատրյանի թեկնածությունները քվեարկության դրվեցին երկրորդ փուլում:

Խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ երկրորդ փուլում արձանագրեց հետևյալ արդյունքը.

  1. Խաչատրյան Լիլիթ -2
  2. Հովհաննիսյան Գագիկ – 8

Երկրորդ փուլի արդյունքներով՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Գագիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում, իր հաստատած ժամանակացույցի համաձայն, Դատական դեպարտամենտից ստանում է համապատասխան դատարանների դատավորների ցուցակները և իրականացնում է առաջադրման գործընթացը:  Ուստի, բոլոր դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների առաջադրումը, ընտրությունը կամ նշանակումը պետք է ավարտվի մինչև 2018թ. օգոստոսի 5-ը:

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս