«Մեր քննարկումներում չի եղել դեպք, որ որևէ մեկը, այդ թվում` Փաշինյանը, որևէ կարծիք չհանդուրժի»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բնական է համարում երեկ կառավարության արտահերթ նիստում կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրման պատճառով տեղի ունեցած թեժ քննարկումը, քանի որ թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ Մանե Թանդիլյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը նախկինում պայքարել են պարտադիրի դեմ:

Ըստ նրա` կարծիք կա, որ, եթե պարտադիր չլինի, քաղաքացիները կամավոր մասնակից չեն դառնա, և կառավարությունը լուրջ խնդրի առջև էր կանգնած, իսկ հետաձգման դեպքում չէր բացառվում, որ կկորցնենք միջազգային հեղինակավոր կառավարիչներին:

«Կառավարությունն ունի շատ բարձր լեգիտիմության և վստահության ցուցանիշ, այստեղ խնդիր չունենք, բայց մարդիկ, ովքեր պարտադիր բաղադրիչին են դեմ, նրանք շարունակում են դեմ լինել, և դա էլ է նորմալ»,- ասաց Է.Մարուքյանը` կանխատեսելով, որ խորհրդարանում նույնպես բուռն քննարկումներ կլինեն, բայց իրենք կքվեարկեն այնպես, ինչպես կառավարությունն է քվեարկել:

Հարցին` նորմա՞լ էր, որ վարչապետը չի հանդուրժում այլ կարծիք կառավարությունում, պատգամավորը պատասխանեց, որ Ն.Փաշինյանի հետ մեկ տարի որպես խմբակցության պատգամավոր է աշխատել, մինչ այդ` դաշինքի հիմնադրման կապակցությամբ են աշխատել. «Մեր քննարկումներում չի եղել դեպք, որ որևէ մեկը, այդ թվում` Փաշինյանը, որևէ կարծիք չհանդուրժի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս