«Մենք կլուծենք մեծ ու վտանգավոր խնդիրը». Թրամփ
ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն պատրաստ են նոր հարաբերությունների ու խաղաղության: Այդ մասին ասված է համատեղ փաստաթղթում, որն ստորագրվել է երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով:
«Նախագահ Թրամփը եւ նախագահ Կիմ Չեն Ընը կարծիքների հանգամանալի, խորը ու անկեղծ փոխանակում են անցկացրել ԱՄՆ-ԿԺԴՀ նոր հարաբերությունների եւ Կորեական թերակղզում տեւական ու կայուն խաղաղ ռեժիմի հաստատման հետ կապված հարցերի շուրջ»,-նշվում է փաստաթղթում, որը Թրամփը ցուցադրել է լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ հպարտանում է ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովի արդյունքներով: «Մենք հպարտանում ենք այսօր տեղի ունեցածով»,-ասել է Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ փաստաթղթի ստորագրման արարողությանը: «Մենք կլուծենք մեծ ու վտանգավոր խնդիրը»,-հավելել է Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահը հավաստել է, որ առանձնահատուկ հարաբերություններ է հաստատել Կիմ Չեն Ընի հետ: «Մենք երկուսս էլ ցանկանում ենք ինչ-որ բան անել, մենք երկուսս էլ ինչ-որ բան կանենք, մենք առանձնահատուկ կապ ենք հաստատել»,-ասել է Թրամփը: Նա նշել է, որ Կիմ Չեն Ընը «շատ տաղանդավոր մարդ է», որը «շատ է սիրում իր երկիրը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Կիմ Չեն Ընը համաձայնել է արդյոք միջուկազերծմանը, Թրամփը հայտարարել է, որ «մենք այդ գործընթացը կսկսենք շատ շուտով»:
ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտարարել է ԿԺԴՀ-ի առաջնորդին Վաշինգտոն՝ Սպիտակ տուն հրավիրելու պատրաստակամության մասին: ԿԺԴՀ-ի առաջնորդն իր հերթին հայտարարել է, որ Փհենյանը եւ Վաշինգտոնը պատրաստ են թողնել անցյալ տարաձայնությունները: «Սա պատմական հանդիպում է, մենք որոշեցինք հետեւում թողնել անցյալը եւ պատրաստ ենք պատմական համաձայնագիր ստորագրել»,-ասել է նա: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին այն բանի համար, որ այս հանդիպումը տեղի ունեցավ»,- հավելել է Կիմ Չեն Ընը:
Լուսանկարը` REUTERS