ԿԺԴՀ-ն հաստատել է Կորեական թերակղզու միջուկազերծման գիծը. ԱՄՆ-ի պետքարտուղար
ԱՄՆ-ի վարչակազմը ցանկանում է պարզել՝ անկեղծ են արդյոք Կորեական թերակղզու միջուկազերծում իրականացնելու ԿԺԴՀ-ի մտադրությունները: Այդ մասին հունիսի 11-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն՝ Սինգապուրում գագաթնաժողովի նախաշեմին ելույթ ունենալով լրագրողների համար կազմակերպված բրիֆինգի ժամանակ: «Հյուսիսային Կորեան հաստատել է Կորեական թերակղզու միջուկազերծում իրականացնելու քաղաքականությունը: Մենք ցանկանում ենք իմանալ՝ անկեղծ են արդյոք այդ մտադրությունները»,-նշել է նա:
«Գլխավոր նպատակը, որին մենք ձգտում ենք հասնել Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական բանակցությունների շրջանակներում, չի փոխվել, այն է՝ Կորեական թերակղզու լիակատար ու անշրջելի միջուկազերծումը: Դա միակ ելքն է, որն ընդունելի է մեզ համար»,-հավաստիացրել է Փոմպեոն:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տալ այն դեպքում, եթե նա հրաժարվի միջուկային զենքից: «Մենք գիտակցում ենք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը մտահոգված է իր երկրի անվտանգության հարցերով, եւ մենք պատրաստ ենք անվտանգության երաշխիքներ տրամադրել, եթե Հյուսիսային Կորեան հրաժարվի միջուկային զենքից»,-ասել է նա: Ընդսմին, Փոմպեոյի խոսքով՝ եթե դիվանագիտական մոտեցումը չաշխատի, Փհենյանի վրա գործադրվող ճնշումը կմեծանա:
Նա ասել է, որ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը թույլ կտա սահմանել բանակցային գործընթացի շրջանակները, որը հաջորդելու է հանդիպմանը: «Այդ բանակցությունների ընթացքում, որոնք վաղը տեղի են ունենալու Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի եւ նախագահ Թրամփի միջեւ, շրջանակային գործընթաց կհաստատվի այն ծանր աշխատանքի համար, որը հաջորդելու է դրանց»,-նշել է նա:
Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում Է Սենտոսա կղզում: Երկու ղեկավարներն էլ արդեն ժամանել են Սինգապուր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: