«Սահմանին դիպուկահարների ակտիվություն է նկատվում». Տիգրան Աբրահամյան
«Վերջին 1-1.5 ամսվա ընթացքում, փոքր ընդհատումներով, ադրբեջանական կողմը բավականին ակտիվ է, ինչը տարբեր դրսևորումներով է արտահայտվում»,- մեկնաբանելով շփման գծում նախօրեին տեղի ունեցած միջադեպը, ինչի հետևանքով Արցախում զինծառայող է վիրավորվել, 168.am-ին ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ակտիվության այս փուլը սկսվել է դեռևս ապրիլի 12-ին, երբ սահմանագծի ադրբեջանական հատվածում, որոշակի խորության վրա զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժվեր նկատվեցին: Ավելի ուշ այդ տեսագրությունները պաշտպանության բանակը հրապարակեց, իսկ այս փուլում առավել ակտիվ են հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք այս պահին ավելի շատ լարվածություն են առաջացնում դիպուկահար խմբերի ակտիվ ներգրավմամբ»,- նշեց նախագահի խորհրդականը:
Հարցին, թե արդյո՞ք Արցախում տեղի ունեցած միջադեպն ու առկա ընդհանուր լարվածությունը կապված են Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ակտիվացմամբ, Տ. Աբրահամյանը նշեց.
«Նախիջևանի, Տավուշի կամ Արցախի ուղղությամբ տեղի ունեցող ցանկացած զարգացում, ակտիվություն փոխկապակցված են և դրանք պետք է դիտարկել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ»,- ասաց նախագահի խորհրդականն ու չբացառեց, որ իրավիճակն ինչ-որ փուլում կարող է առավել սուր դրսևորումներ ունենալ:
Վերջում Տ. Աբրահամյանը հավելեց, որ այս համատեքստում տրամաբանական էր, որ Ադրբեջանն այսօր կայանալիք ԵԱՀԿ առաքելությանը դուրս չբերեց առաջապահ դիրքեր:
«Ակնհայտ է, որ առաջնագծում Ադրբեջանը թաքցնելու բան ունի, ինչից միջնորդ երկրները պետք է եզրահանգումներ անեն»,- ավելացրեց նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: