Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստից հետո ամբաստանյալների աջակիցները միակողմանի փակել են Տիգրան Մեծի պողոտան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արմեն Բեքթաշյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստից հետո ամբաստանյալների աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել` միակողմանի փակելով Տիգրան Մեծ փողոտայի երթևեկությունը: Ինչպես տեղից հայտնեց «Արմենպրես»-ի թղթակիցը, նրանք պահանջում են ամբաստանյալների ազատ արձակումը և հայտարարել են, որ չեն հեռանա մինչև իրենց պահանջները չկատարվեն:
Ակցիայի մասնակիցները ճանապարհները փակել են օգտագործելով ոստիկանական արգելապատնեշները:
Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու: Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար: