Բաժիններ՝

Ֆրանսիայում 102 տարեկան հասակում մահացել է լուսանկարիչ Դևիդ Դուգլաս Դունկանը

102 տարեկան հասակում Ֆրանսիայի Գրաս քաղաքում մահացել է ամերիկացի զինվորական ֆոտոթղթակից, Պաբլո Պիկասոյի ընկեր Դեւիդ Դուգլաս Դունկանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի թղթակցին հայտնել են Անտիբում Պիկասոյի թանգարանում:

«Նա մահացել է երեկ երեկոյան՝ 102 տարեկան հասակում: Մահվան պատճառ է դարձել, նախեւառաջ, նրա տարիքը, եւ երկրորդ՝ պնեւմոպատիան, որն այդ տարիքում արդեն դժվար է բուժվում»,-ասել է թանգարանի տնօրեն Ժան Լուի Անդրալը:  Նա նշել է, որ «Դուգլասը 20-րդ եւ 21-րդ դարի ամենակարեւոր լուսանկարիչներից մեկն էր»:

«Նա լուսանկարել է իր ողջ կյանքի ընթացքում: Մեծ լուսանկարիչ էր եւ մեծ մարդ: Նա նաեւ 1956 թվականին ծանոթացել էր Պաբլո Պիկասոյի հետ: Դունկանը դարձել էր նրա ու նրա ընտանիքի մեծ բարեկամը: Նա Պիկասոյի բազմաթիվ հիանալի դիմանկարներ է արել»,-հավելել է գործակալության զրուցակիցը:

Դեւիդ Դուգլաս Դունկանն ամերիկացի ֆոտոլրագրող է եւ զինվորական ֆոտոթղթակից: Մայամիի համալսարանի կենդանաբանության եւ իսպաներեն լեզվի ֆակուլտետներն ավարտելուց հետո արտահաստիքային ֆոտոթղթակից է աշխատել The Kansas City Star, Life, National Geographic հրատարակությունների համար:

Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ծառայել է որպես զինվորական ֆոտոթղթակից, լուսաբանել այդ թվում՝ Օկինավայի համար մղված ճակատամարտը:
Պատերազմից հետո աշխատանքի է ընդունվել է Life ամերիկյան հանդեսում: Հայտնի է Կորեական պատերազմի եւ Վիետնամի պատերազմի լուսանկարներով: Կորեական պատերազմի լուսանկարներից Դունկանը կազմել է «Սա պատերազմ է» գիրքը: Դրան վաճառքից ստացված եկամուտներն ուղարկվել են ծովային այն հետեւակայինների այրիներին ու երեխաներին, որոնք զոհվել են հակամարտության ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս