Ստեփանակերտում ծեծկռտուքի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի
Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը:
Նախաքննության ընթացքում Ալբերտ Ավետիսյանին 07.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քանի որ վերջինս գտնվում է ստացիոնար բուժման մեջ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նույն օրը Մհեր Մուսայելյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հաշվի առնելով նրա` ստացիոնար բուժման մեջ գտնվելու հանգամանքը:
Դարձյալ նույն օրը, նախաքննության մարմնի կողմից Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: