Քարաթափումները վտանգավոր իրավիճակ են ստեղծել Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի երթևեկության համար
Դիլիջան-Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհի Ձորավանք-Մարտունի հատվածի մի քանի տեղերում վերջին օրերին ակտիվ բնույթ են ստացել քարաթափումները՝ լուրջ վտանգ ստեղծելով թե՛ մարդկանց կյանքի, թե՛ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը ստացված ահազանգի հետքերով պարզեց տեղում, թեեւ ճանապարհի սպասարկումն իրականացնող «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ ճանապարհաշինարարները ժամանակին հասցնում են մաքրել քարաթափումները, որոնք տեղի են ունենում պարբերաբար, այնուամենայնիվ, դրանց կրկնվելու վտանգները պահպանվում են, քանի դեռ չեն հեռացվել օդում կախված, բայց իրարից պոկված ժայռաբեկորները:
«Նախորդ գիշերով Այգուտից մեքենայով գնում էինք Դիլիջան: Ուղիղ Ձորավանք մտնող կամրջի դիմաց թափվող քարերի բարձր աղմուկ լսվեց: Վարորդը, բարեբախտաբար, հասցրեց արգելակել մեքենան: Կարելի է ասել, որ մենք հրաշքով ազատվեցինք փորձանքից»,-պատմեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղի բնակիչ Արեն Սարգսյանը:
«Քարաթափումներն ակտիվանում են հատկապես անձրեւային եղանակներին: Գիշեր թե ցերեկ այս հատվածում դրանք դարձել են սովորական: Ճանապարհաշինարարները գրեթե ամեն օր հեռացնում են ճանապարհին ընկած ժայռաբեկորները, սակայն դրանց հետեւում են նոր քարաթափումները»,-նշեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ձորավանք գյուղի բնակիչները:
Ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխղեկի կարծիքով՝ հարցին արմատական լուծում տալու համար հարկավոր է ճանապարհաեզրերից ամբողջությամբ մաքրել ու հեռացնել վտանգ ներկայացնող ժայռերը կամ ժայռաբեկորները: «2016 թվականի վերջերին պետբյուջեի միջոցներով Մարտունի գյուղի տարածքում մենք մոտ 100 մետր երկարությամբ մաքրել ենք վտանգավոր փլվածքները՝ հեռացնելով 4400 խմ քար, ինչի վրա ծախսվել է 17.4 մլն դրամ: Բայց դեռ մնում են մի քանի վտանգավոր, փլուզման ենթակա հատվածներ, որոնց չեզոքացման համար լուրջ միջոցներ են հարկավոր, նախագիծ- նախահաշվի կազմում:
Քարաթափումներն առավել ակտիվանում են ձնհալի կամ անձրեւների շրջանում: Մեր նախնական դիտարկումներով՝ ունենք քարաթափումների տասնյակից ավելի օջախներ: Դեռ լավ է, որ մինչ այժմ դրանցից մարդիկ կամ տրանսպորտային միջոցները չեն տուժել, սակայն պետք է ընդհանրապես բացառել վտանգը կանխարգելիչ գործողությունների շնորհիվ»,-ներկայացրեց ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխղեկ Արայիկ Խեչոյանը:
Ճամբարակի համայնքապետարանի քաղաքաշինության եւ գյուղատնտեսության բաժնի պետի կարծիքով՝ քարաթափման օջախներն, ըստ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների, հասնում են երկու տասնյակի, իսկ ճանապարհի որոշ հատվածներում սողանքային երեւույթների դեմ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու խնդիր կա:
«Նախորդ տարվա վերջից մենք արձագանքել ենք քարաթափումների վերաբերյալ բնակչության ահազանգերին, տեղեկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, գրությամբ դիմել Գեղարքունիքի մարզպետարան: Բայց այս պահին քարաթափումները շատ ավելի են ակտիվացել եւ պահանջում են հրատապ մոտեցում: Դժբախտ դեպքերից խուսափելու համար հարկավոր է ժամանակին լուծում տալ այս հարցին, ինչի համար համայնքի բյուջեն չունի համապատասխան միջոցներ եւ ակնկալում է պետբյուջեի աջակցությունը:
Ճանապարհը Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Ճամբարակ բնակավայրերի ներսում չունի գիշերային լուսավորվածություն, ինչը նույնպես վտանգավոր իրավիճակ է ստեղծում»,-ընդգծեց Ճամբարակի համայնքապետարանի քաղաքաշինության եւ գյուղատնտեսության բաժնի վարիչ Սերգեյ Ավալյանը:
Խոսրով Խլղաթյան