ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովում քննարկվելու են Փհենյանի անվտանգության երաշխիքները. Փոմպեո
Սինգապուրում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ հունիսի 12-ին պլանավորված հանդիպմանը քննարկվելու է Հյուսիսային Կորեային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը: Դա հաստատել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն:
«Նախագահ Թրամփը եւ նախագահ Կիմը, անտարակույս, քննարկելու են Հյուսիսային Կորեայի անվտանգության երաշխիքները, հաշտության ռեժիմի հաստատումը եւ երկու երկրների հարաբերությունների բարելավումը»,-ասել է նա:
Պետդեպարտամենտում կայացած մամուլի ասուլիսում: Ընդսմին Փոմպեոն հիշեցրել է, որ Վաշինգտոնը «քանիցս միանգամայն պարզորոշ հայտարարել է, որ Կորեական թերակղզու լիակատար, ստուգելի ու անշրջելի միջուկազերծումը կլինի հանդիպման միակ ընդունելի արդյունքը»:
Նա նշել է, որ «մինչեւ մեր նպատակին հասնելը, այն միջոցները, որոնք համաշխարհային հանրակցությունը ԱՄՆ-ի հետ համատեղ ձեռնարկել են ԿԺԴՀ-ի նկատմամբ, կմնան ուժի մեջ, իսկ եթե դիվանագիտական ջանքերն ընթանան ոչ ճիշտ ուղղությամբ, այդ միջոցները նույնիսկ կուժեղացնեն», հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: