Մակրոնն սպառնացել է G7-ի գագաթնաժողովի համաձայնագիրն ստորագրել առանց Թրամփի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սպառնացել է, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցները «վեց երկրների համաձայնագիր» կստորագրեն առանց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ։
Գագաթնաժողովը տեղի է ունենալու հունիսի 8-9-ին Կանադայի Քվեբեկի նահանգում: «ԱՄՆ-ի նախագահը, հնարավոր է՝ դեմ չէ մեկուսանալուն, բայց եւ մենք էլ դեմ չենք համաձյնագիրը վեց երկրներով ստորագրելուն»,- գրել է Մակրոնը Twitter-ում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի ներկայացուցիչը հունիսի 7-ին Bloomberg գործակալությանը հայտնել է, Ֆրանսիան չի ստորագրի G7-ի՝ Քվեբեկում կայանալիք գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ Յոթի խմբի երկրների համատեղ հայտարարությունը, քանի դեռ չեն հաղթահարվել ԱՄՆ-ի հետ առկա տարաձայնությունները:
Նրա տվյալներով՝ որպեսզի Ֆրանսիայի նախագահը պատրաստ լինի ստորագրել համատեղ հայտարարությունը, առաջընթաց է անհրաժեշտ այնպիսի հանգուցային հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ իրանական միջուկային գործարքը, Եվրամիությունից, Կանադայից ու Մեքսիկայից պողպատե եւ ալյումինե արտադրանքի ներմուծման՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը, ինչպես նաեւ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը:
Մակրոնի կարծիքով՝ G7-ի մյուս երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան ու Կանադան, պետք Է համատեղ հանդես գան մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: