Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության անդամների մեծամասնության բանակում ծառայած չլինելու մասին
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը բարձրացրեց կառավարության անդամների մեծամասնության բանակում ծառայած չլինելու հարցը։
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ինքս էլ ժամկետային զինվորական ծառայություն չեմ անցել, որովհետև 1991 թվականի օրենքով ինձ պետությունն ուղղակի բանակ չի տարել, ասել է՝ քեզ ազատում ենք բանակից, դու գնա զբաղվի ուրիշ գործով, որովհետև եթե 2 ավագ եղբայրներս ծառայել էին բանակում, երրորդին չէին տանում։ Կա երկու ռեժիմ, մեկն այն է, որ մարդը գնացել է, փողով խնդիր է լուծել, որ բանակ չգնա, մյուսը՝ որ պետությունն ասել է՝ հարգելի քաղաքացի, այս իրավիճակում մենք ուզում ենք, որ դու ոչ թե գնաս բանակ, այլ գնաս զբաղվես ուրիշ գործով։
Դրանք երկու տարբեր իրավիճակներ են։ Եթե պարզվի, որ կառավարության որևէ անդամ օրենքի խախտմամբ խուսափել է բանակից կամ որևէ օրենքով նախատեսված պարտավորությունից, ես ասում եմ, որ այդ կառավարության անդամը տեղում կազատվի աշխատանքից։ Քանի դեռ ապացույց չկա, գործում է անմեղության կանխավարկածը բոլորի դեպքում»։