Բաժիններ՝

«Թիմը 70 տոկոսով նոր էր ինձ համար». Վարդան Մինասյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համար հավաքականը 70 տոկոսով նոր էր:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Մինասյանը: «Երբ ֆեդերացիան հաստատեց երկու խաղերի անցկացումը, մենք նախատեսել էինք երկու հավաքական` ներքին առաջնության ֆուտբոլիստներով և արտասահմանի ֆուտբոլիստներով: Մենք ունեինք 31 ֆուտբոլիստ, բայց կային ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքների պատճառով չմասնակցեցին հավաքին: Այս խաղերի միջոցով փորձում էինք թիմին ներկայացնել մեր ընդհանուր փիլիսոփայությունը: Եվ ինչպես պետք է ապրեինք դաշտից դուրս: Պլանավորել էինք երկու ծրագիր փորձարկել: Ինձ համար թիմը 70 տոկոսով նոր էր»,-ասաց նա:

Մինասյանը փաստեց, որ իր համար երկու շատ կարևոր բան կա` ֆուտբոլիստների մակարդակը և ցանկությունը: «Հավաքականի ընթացքում ես իմ հարցերի պատասխանը ստացա: Երկու ընկերական խաղերն էպիզոդիկ ստացվեցին: Մալթայի խաղի առաջին 30 րոպեն էր լավ, իսկ Մոլդովայի հետ խաղում տեղ-տեղ էր լավ ստացվում»,-շեշտեց մարզիչը:

Գլխավոր մարզչի խոսքով` ընկերական խաղերում կարևորը հաշիվը չէր, այլ նորեկներին փորձարկելու հնարավորությունը: Նորեկներին հնարավորություն տրվեց իրենց ցույց տալ երկու խաղերում էլ: «Ազգերի լիգայում կոնկրետ արդյունքներ են լինելու: Խաղալու ենք միայն հաղթանակի համար»,-փաստեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս