Ռումբ՝ պետականության հիմքերում. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում սահմանադրական ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Սա, իհարկե, միանգամայն սպասելի էր: Ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգն իրեն չի արդարացնի եւ շատ արագ կհանգեցնի ճգնաժամի:

Եվ ահա նոր սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց երկու ամիս անց ականատես ենք լինում այդ ճգնաժամի հերթական դրսեւորումներին. խորհրդարանում ներկայացված չորս ուժերից որեւէ մեկն այլեւս չունի կայուն մեծամասնություն` չունի 53 մանդատ: Սա այն բանից հետո, երբ հերթական պատգամավորը (երեկվա դրությամբ արդեն վեց հոգի) հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Հիմա երբեմնի իշխող խմբակցությունում մնացել է 52 պատգամավոր, բայց այդ թիվն էլ դեռ նվազելու է:

Մյուս կողմից կայուն մեծամասնություն չունեն գործադիր իշխանությունում ներկայացված «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները. այստեղ էլ 47 պատգամավոր է: Դեռ փաստ չէ, որ ՀՀԿ-ից դուրս եկածներն ամեն առիթով կաջակցեն գործադիրին, եթե անգամ աջակցեն, ֆորմալ առումով նրանք չեն կարող խմբակցություն ձեւավորել ու միանալ իշխանությանը:

Միանշանակ չէ, որ կառավարության կազմում եղած «Ծառուկյան» կամ ՀՅԴ խմբակցություններն էլ մշտապես ամբողջական կազմով կաջակցեն Փաշինյանին. չի բացառվում կարեւոր օրենքների ընդունման ժամանակ ականատես լինենք թեկուզ հարգելի բացակայությունների:

Արդյունքում ստացվել է այնպես, որ կայուն մեծամասնություն չունենալը կդժվարեցնի իշխանության` որոշումներ կայացնելու հնարավորությունը: Այսօր գործող սահմանադրության պարագայում նման իրավիճակը վտանգավոր է պետության կառավարելիության տեսանկյունից. սա ռումբ է` դրված պետականության հիմքերում, որի պայթյունն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Ուստի ելքը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու սահմանադրության փոփոխությունը` վերականգնելով նախագահական կամ կիսանախագահական համակարգը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս