ԱԻՆ-ում հայտնաբերվել է կոռուպցիոն երկու դեպք. նյութերն ուղարկվել են ԱԱԾ
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերվել է երկու կոռուպցիոն դեպք, որոնց վերաբերյալ նյութերն ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Նա չմանրամասնեց, թե կոնկրետ ի՞նչ կոռուպցիոն սխեմայի մասին է խոսքը և ո՞ր նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածում է եղել:
«Ասացի, որ այս պահի դրությամբ երկու դեպք է արձանագրվել, գործը ԱԱԾ-ում է, քննություն է ընթանում»,- ասաց նա:
Հրաչյա Ռոստոմյանը նաև նշեց, որ նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հիմնականում լավ ժառանգություն է ստացել, իսկ խնդիրերն էլ կապված են հակակարկտային և սեյսմիկ կայանների վերազինման, արդիականացման հետ:
Նախարարը չհամաձայնեց լրագրողների դիտարկման հետ, թե ԱԻՆ կադրերն իրեն չեն ընդունում, իր հետ չեն ցանկանում աշխատել:
Հրաչյա Ռոստոմյանը նաև վստահեցրեց, որ ինքնանպատակ կադրային փոփոխություններ նախարարությունում չեն լինելու: