Բաժիններ՝

«Թող մարդիկ ժամանակավորապես օգտվեն փոքր խանութներից, կտեսնեք, որ սուպերմարկետներում ապրանքը կփտի». Մելիտա Հակոբյան

«Ես համոզված եմ, որ սպառողն ինքը կարող է թելադրել գները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով խոշոր սուպերմարկետներում  տեղի ունեցած որոշ ապրանքատեսակների թանկացումների մասին՝ նման տեսակետ հայտնեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ եթե սուպերմարկետներում թանկ են վաճառում, սպառողները կարող են գնումներ իրականացնել փոքր մարկետներից. «Թող ժամանակավորապես օգտվեն դրանցից, կտեսնեք, որ սուպերմարկետներում ապրանքը կփտի, անպայման կիջեցնեն գները, արդեն իջեցնում են, իմիջիայլոց»։

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներին»։

168.am-ի հարցին՝ փաստորեն ճի՞շտ է արել վարչապետը՝ հորդորելով մարդկանց բոյկոտել և գնումներ չանել այդ խոշոր սուպերմարկետներից, Մ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Չգիտեմ՝ վարչապետն ինչ է ասել, բայց ես միշտ սպառողին ասում եմ՝ դուք եք թելադրողը, եթե դուք չգնաք խանութ ու գնումներ անեք, ոչ ոք չի գալու՝ ձեր առաջ աղոթի, որ գնաք իրենց խանութից ապրանք գնեք։ Եթե մարդը չի ուզում մտնել սուպերմարկետ, չի մտնի»։

Մ. Հակոբյանը գտնում է՝ վարչապետը ճիշտ կոչ է արել. «Սուպերմարկետները հոշոտեցին այդ խանութներին, մենք գիտենք՝ ինչպես դա տեղի ունեցավ։ Հիմա մեքենաներով բանջարեղենը բերում են բակերը և վաճառում են, ինչպես նաև շաբաթ-կիրակի օրերին մենք ունենք տոնավաճառներ, թող մարդիկ այդտեղից գնեն, տեսնենք՝ սուպերմարկետների գնած բանջարեղենն ինչքան կդիմանա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս