Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման անհրաժեշտություն կա
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման անհրաժեշտություն է տեսնում: Լրագրողների հետ հանդիպմանը Չիլինգարյանն այդ տեսակետը հիմնավորեց նրանով, որ սպառողը որակապես դրական փոփոխություն չի նկատում:
«Մի քանի տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ, հետո մի փոքր իջավ՝ դառնալով 46 դրամ: Բարձրացումը պայմանավորել էին որակի բարձրացմամբ, սակայն որակային փոփոխություն չեղավ: Պետք է կրճատվեին էլեկտրաէներգիայի տարեկան անջատումները: Սակայն ավելի լավ կլինի, որ տարեկան 10 անջատում լինի, բայց ներկայիս սակագինն իջնի»,- ասաց Չիլինգարյանը:
Նա կարծում է, որ թեև սակագնի փոփոխություն չի լինի մինչ օգոստոս, սակայն նվազեցումը հնարավոր է առաջիկայում, քանի որ ամեն տարի վերանայվում են դրանք, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատում է կառույցի ներկայացրած սակագները:
Անդրադառնալով գազի սակագնին՝ Չիլինգարյանը նշեց, որ այն հանդիսանում է ներկրվող ապրանք: «Եվ, հետևաբար, պետք է լինի տնտեսագետների, քաղաքագետների քննարկում, որի արդյունքում կձեռնարկեն որոշակի քայլեր և գազի սակագինը կիջեցնեն»,-նշեց նա:
Չիլինգարյանի կարծիքով՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատոր «Վիոլա ջուր»-ի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ ջրի սակագինը մինչ 2023 թվականը 6-ական դրամ բարձրանալու և կրկին իջնելու է: «Սակայն բնական է, որ ընկերությունը հետապնդում է իր շահը, և ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի»,-ասաց նա:
«Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում» ՀԿ նախագահ Ատոմ Սարգսյանը մեծապես կարևորեց հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը: «Իմ խնդրանքը ներկայիս կառավարությանն այն է, որ հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացվի»,- ասաց նա: