Ցուցարարներին չեն բավարարել Նախագահ Սահակյանի հետ բանակցությունները. բողոքի ակցիան շարունակվում է
Այսօր՝ հունիսի 4-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում վերսկսվել է հունիսի 2-ին մեկնարկած բողոքի ակցիան:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել են նախօրեին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շուրջ մանրամասները:
Մասնավորապես՝ ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սիմոնյանը նշել է, որ նախագահ Սահակյանը խոստացել է կատարել փոփոխություններ:
«Հանդիպմանը բարձրացվել է ուժային կառույցներում փոփոխություն կատարելու մասին հարցը, որը սակայն միանշանակ չի ընդունվել նախագահի կողմից: Բակո Սահակյանը մեզ խոստացել է, որ իր կողմից համակարգային բարեփոխումներ են նախաձեռնվելու, որոնք իր պատկերացմամբ պայմանավորված են ոչ թե անձերի փոփոխության, այլ ընդհանուր քաղաքականության և ամենօրյա աշխատանքի տեսքով: Բացի դրանից, Նախագահի կողմից առաջարկ է եղել նաև ստեղծել հանրային խորհուրդ, որտեղ ընդգրված կլինեն նաև մեր նախաձեռնության մի խումբ մասնակիցներ, որպեսզի հանրային օրակարգի խնդիրներին հրատապ լուծումներ տրվեն»,- նշել է Դ. Սիմոնյանը և, դիմելով հավաքված ցուցարարներին, ասել է, թե այժմ իրենք պետք է որոշեն, թե որքանով են բավարարում այս պայմանները:
Բողոքի մասնակիցների մոտ առաջացած դժգոհությունից, սակայն, պարզ է դարձել, որ իրենց չի բավարարում բանակցությունների արդյունքները և իրենց առաջ քաշած պահանջները շարունակում են մնալ ուժի մեջ:
Այնուհետև ելույթով հանդես է եկել Ազգային ժողովի ընդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, ով նշել է, որ ցուցարարների կողմից դրվող պահանջները ընդունելի են լայն շրջանակների համար, և պետք է հարցերը գտնեն արագ, ճիշտ լուծում՝ հետագա կոնֆլիկտներից խուսափելու համար:
Այս պահին ցուցարարները շարունակում են փակ պահել մայրաքաղաքի կենտրոնական փոխոցներից մեկի երթևեկելի հատվածը: