Խաչատրյանի մրցույթը թավջութակահարների համար կարևորագույն ստուգատեսներից մեկն է. Շտեֆան Կրոպֆիտշ
Հունիսի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։
Մրցույթի ժյուրիի անդամ հայտնի Jess-Trio-Wien տրիոյի թավջութակահար, Վիեննայի երաժշտության համալսարանի լարային գործիքների դեպարտամենտի տնօրեն Շտեֆան Կրոպֆիտշի կարծիքով, խաչատրյանական մրցույթը թավջութակահարների համար կարևորագույն ստուգատեսներից մեկն է։
«Ես հուսով եմ, որ մրցույթի շրջանակում կկարողանամ հայտնաբերել տաղանդաշատ, բացառիկ թավջութակահարի»,-նշել է Շտեֆան Կրոպֆիտշը:
Ի՞նչն է կարևորվելու մրցույթի մասնակիցներին գնահատելիս։ Շտեֆան Կրոպֆիտշը նկատում է, որ կատարման տեխնիկան պետք է շատ բարձր լինի, բայց իր համար ավելի կարևոր է երաժշտի անհատականությունը, որը բեմի վրա կկարողանա «պատմել» երաժշտությունը։
Թավջութակահարը մրցույթի մասնակիցներին խորհուրդ է տալիս լինել երաժիշտ՝ բառի խոր իմաստով, ոչ թե երաժշտության զուտ տեխնիկական մատուցող։
Շտեֆան Կրոպֆիտշը նաև նկատում է, որ թավջութակահարների դպրոցն այսօր զարգանում է հանգիստ, ներդաշնակ կատարման ուղղությամբ:
«Եվ երաժշտության ուսուցման իմ հիմնական ուղղությունը հենց դա է։ Այսօր շատ դժվար է գտնել երաժիշտի, ով թավջութակի միջոցով իսկապես պատմում է երաժշտության մասին»,-նշել է Վիեննայի երաժշտության համալսարանի լարային գործիքների դեպարտամենտի տնօրենը։
Նշենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթի ժյուրին այս տարի գլխավորելու է մեծանուն թավջութակահար, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին։ Ժյուրիի պատվավոր նախագահն է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ Մրցույթին կմասնակցի 16 թավջութակահար 9 երկրից։