«Մասնավորապես ԵԱՀԿ կողմից նախանշված գծերի մեջ չտեղավորվող Ձեր բարձրահունչ հայտարարությունները ըստ էության ապակառուցողական են ներկայանում». Կոժին

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կոժինն այսօր իր բրիֆինգի ընթացքում անդրադարձել է լրագրողի կողմից հնչեցված արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ հարցին։

Հարց։ Իր վերջին հարցազրույցներից մեկում Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված բանակցություններն անհնարին են առանց Ադրբեջանի օկուպացված տարածքների վրա ստեղծված անօրինական ռեժիմի մասնակցության։ Որքանո՞վ են նման հայտարարությունները բարդացնում կարգավորման գործընթացը ու կողմերին խանգարում ընդհանուր լեզու գտնել։

Պատասխան։ Մասնավորապես ԵԱՀԿ կողմից նախանշված գծերի մեջ չտեղավորվող Ձեր բարձրահունչ հայտարարությունները հավանաբար ապակառուցողական են ներկայանում։

Հարց։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի (ով իշխանության եկավ փողոցներում ու սոցցանցերում արտահայտած բողոքների միջոցով) առաջին հրամանագրերից մեկը Մայիսի 9-ի տոնի չեղարկումն էր. Հաղթանակի օրը նա անվանափոխեց որպես Հաշտության և խաղաղության օրվա, թեպետ հայերը նույնպես շատ կուուստներ են ունեցել Հայրենական մեծ պատերազմում։ Կա՞ արդյոք որևէ արձագանք մայիսի 9-ի տոնը մայիսի 8-ին նշելու որոշման կապակցությամբ, ինչպես դա անում են Արևմուտքում։

Պատասխան։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը եղել և շարունակում է սրբազան տոն մնալ նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար։ Բոլորն են հիշում այն գինը, որը Խորհրդային Միությունը վճարեց ֆաշիզմի դեմ հաղթանակի հասնելու համար։

Ինչ վերաբերում է տոնի անվանումներին, ապա տարբեր պետություններում ոչ մեծ տարբերություններ կան, բայց դա չի փոխում տոնակատարության էությունն ու ժողովուրդների վերաբերմունքն այդ սրբազան օրվա հանդեպ։

Ընդհանուր հաղթանակի համար նույնպես մեծ գին վճարած հայ ժողովուրդն ինչպես մեզ հետ տոնել է այդ տոնը, այդպես էլ կշարունակի տոնել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս