Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Պապիկյանն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում մենք ունենք մի իրականություն, երբ անհրաժեշտ է հին ու նոր իշխանությունների միջև կամուրջ ապահովելով` իրականացնել իշխանության անցնցում փոխանցում, և այստեղ հատկապես կարևոր է համայնքային և մարզային իշխանությունների դերը։ Նախարարը վերահաստատել է իրական ժողովրդավարության հասնելու ճանապարհին ՏԻՄ-երի ժողովրդավար լինելու հրամայականը և նշել, որ այս գործընթացում առանցքային է, որպեսզի այսուհետ համայնքի ղեկավարն ու ավագանին գործեն բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների և իրավասությունների շրջանակներում։ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ երկրի համաչափ զարգացումը չպետք է այլևս մնա միայն թղթի վրա, և անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ մարզային և համայնքային իշխանություններն այսուհետ պետք է ներկայացնեն տարեկան օտարման ենթակա հողատարածքների և անշարժ գույքի պլան, որն առցանց պետք է հասանելի լինի բնակչությանը, միաժամանակ ընդգծելով, որ հարկերի հավաքագրումը և տվյալների բազան պետք է թափանցիկ և տեսանելի լինեն բոլորի համար։ Նախարարը անդրադարձել է նաև Արագածոտնի մարզի գյուղատնտեսության զարգացման հնարավորություններին, տնտեսական կարողությունների հզորացմանը, ինչպես նաև բարենպաստ ներդրումային դաշտ ձևավորելու անհրաժեշտությանը։ Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Աշոտ Սիմոնյանին պաշտոնում վերանշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ մարզի ղեկավարությունն ու աշխատակազմն ունակ են լուծել առաջադրված խնդիրները: