«Հայաստանում քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել սիրո և համերաշխության կարգախոսի ներքո». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Վեհափառ Հայրապետն, անդրադառնալով երկրում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին, կարևորել է դրանց խաղաղ հանգուցալուծումը և ընդգծել, որ դրա արդյունքում մեր երկրի ու ժողովրդի հեղինակությունը բարձրացել է միջազգային հանրության շրջանում: Ամենայն Հայոց կաթողիկոսը համոզմունք է հայտնել, որ իշխանությունների, եկեղեցու և ժողովրդի համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ստեղծել զորեղ, առաջընթացի մեջ գտնվող, իր կյանքի բարօրությունը կերտող երկիր:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ջերմ խոսքերի ու մաղթանքների համար և կարևորել առկա հարցերի ու խնդիրների համատեղ քննարկումը: «Հայաստանում քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել սիրո և համերաշխության կարգախոսի ներքո: Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ մթնոլորտը Հայաստանում և հայ ժողովրդի շրջանում դառնա մշտական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով ստեղծարար միջավայր ձևավորելու անհրաժեշտությունը:

Այնուհետև վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի:

Տեսանյութեր

Լրահոս