ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը Վիլնյուսում հանդիպել է Սեյմասի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղեկցությամբ մայիսի 31-ին Վիլնյուսում հանդիպում ունեցավ Սեյմասի փոխխոսնակ և եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կերկիլասի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բեռնատոնիսի հետ։
Հանդիպման սկզբում նախարարի տեղակալը շնորհավորեց Լիտվայի անկախության հարյուրամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Լիտվայի խորհրդարանի կողմից՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջիններից մեկը վավերացնելու համար։
Զրուցակիցները կարևորեցին ազգային օրենսդիրների դերակատարումը համաձայնագրի կիրարկման գործընթացում և առհասարակ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հարցում։
Երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում կողմերն ընդգծեցին պատգամավորական պատվիրակությունների փոխայցերի ու բազմակողմ խորհրդարանական հարթակներում երկու երկրների օրենսդիրների համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը։