Կանադան վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմում
Կանադայի կառավարությունը հակամիջոցներ է պատրաստել ի պատասխան հուլիսի 1-ից պողպատի եւ ալյումինի ներմուծման գծով այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած մաքսերի: Միջոցները կարող են վերաբերել ընդհանուր առմամբ 12,9 միլիարդ դոլարի ապրանքների:
Պատասխան միջոցների նախագիծը զետեղված Է Կանադայի ֆինանսների նախարարության կայքում։ «Հակամիջոցներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հուլիսի 1-ից եւ կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերացնի իր սահմանափակումները Կանադայից ապրանքների նկատմամբ»,- ասված է Կանադայի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Կանադայի կառավարությունը չի բացառում, որ հետագայում կարող են հետեւել նաեւ այլ սահմանափակիչ միջոցներ: Կանադան կազմել է երկու ցուցակ. առաջին ցուցակից ապրանքները կհարկվեն 25-տոկոսանոց մաքսերով, երկրորդից ապրանքները՝ 10-տոկոսանոց մաքսերով:
Այն ապրանքների թվում, որոնց վրա կտարածվեն սահմանափակումները, նշված են ամերիկյան վիսկին, թխկու օշարակը, կետչուպը, մանանեխը եւ մայոնեզը, գարեջրի մետաղական տակառները, զուգարանի թուղթը եւ քնապարկերը: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 1-ից սակագներ է սահմանում Եվրամիության երկրներից, Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար: