Թբիլիսիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Պարոն Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը տարբեր ուղղություններով: Վրաստանի խորհրդարանի նախագահը կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ այն կնպաստի հայ և վրաց ժողովուրդների կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Վարչապետը նշել է, որ երկար տարիներ որպես պատգամավոր աշխատելով ՀՀ Ազգային ժողովում՝ սեփական փորձով գիտի, թե որքան կարևոր է խորհրդարանի դերը պետության կառուցվածքում ժողովրդավարական սկզբունքների զարգացման համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջխորհրդարանական երկխոսությանը։ «Հաշվի առնելով, որ Հայաստանը անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, դա մեզ պարտավորեցնում է երկկողմ խորհրդարանական համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի»,- ասել է ՀՀ վարչապետը:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանականների պարբերական հանդիպումներն իրենց ներդրումն ունեն երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը ի վիճակի են արագորեն լուծել բոլոր հարցերը, գտնել գործընկերության նոր ձևաչափեր և փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։