Բաժիններ՝

Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողություն

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ավստրիայում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, ավստրիացի հասարակական, մշակութային ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ, Մխիթարյան Միաբանության ու Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, ավստրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման պաշտոնական մասը բացվել է Մխիթարյան միաբանության թանգարանում գրեթե մեկ դար պահպանվող Հայաստանի Հանրապետության դրոշի մեծարման արարողությամբ: Ապա Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանի և Մխիթարյան միաբանության աբբահայր Պողոս արքեպիսկոպոս Կոջանյանի գլխավորությամբ հոգևոր դասի մատուցմամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության համատեղ օրհնության արարողություն:

Այնուհետև բացման խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը, որն անդրադարձել է ուղիղ մեկ դար առաջ Հայաստանի ժողովրդի սխրագործությանը, հասարակության բոլոր շերտերի զարմանալի միասնականությանը որոնց շնորհիվ ոչ միայն թշնամուն արժանի հակահարված հասցվեց, այլև հնարավոր դարձավ պետականության վերականգնումը:

ՀՀ դեսպանը երախտագիտության խոսքեր է արտահայտել երկու դար շարունակ Մխիթարյան հայրերի կողմից հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու, հայոց պետականության կողքին մշտապես կանգնած լինելու համար, ինչպես նաև անդրադարձավ 1918-1921թթ. պաշտոնական Երևանի ու Վիեննայի միջև տեղի ունեցած դիվանագիտական շփումներին:

Խոսքով հանդես եկան նաև Ավստրիայի դաշնային խորհրդարանի անդամներ՝ Ավստրիա-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը և խմբի անդամ Ռայնհոլդ Լոպատկան, որոնք անդրադարձել են հայ-ավստրիական դարավոր շփումներին և երկու ժողովուրդների միջև հետագա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությանը, ընդգծելով, որ չնայած Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ ժողովրդի ողբերգական ճակատագրում Ավստրո-Հունգարիայի խաղացած դերին, Ավստրիայի խորհրդարանը ամեն ջանք կգործադրի, որպեսզի երկու ժողովուրդների միջև բարեկամական փոխհարաբերություններն ու համագործակցությունը էլ ավելի ամրապնդվի և խորանա:

Պաշտոնական ելույթներից հետո հնչել են հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների գործերը՝ Վիեննայում համերգներով գտնվող Հայաստանի պատանի երաժիշտների կատարմամբ:

Միջոցառման ավարտին Ավստրիայում ՀՀ դեսպանության հյուրերի համար տրվել է պաշտոնական ընդունելություն: Այնուհետև հյուրերը հնարավորություն են ունեցել առաջին անգամ ծանոթանալու Հայաստանի Հանրապետության 100-ամյակի առթիվ Մխիթարյան միաբանության թանգարանում դեսպանության կողմից կազմակերպած «Հայաստան-Ավստրիա՝ պաշտոնական շփումներ 1918-1921թթ.» ցուցահանդեսի նյութերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս