Ֆրանսիան ապօրինի է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ
Ֆրանսիան անօրինական է համարում ամերիկյան պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ: Այդ մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը:
«Մենք միանգամայն դեմ ենք այդ որոշումներին: Խոսքը վերաբերում է արտերկրյա միջոցառումներին»,- ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ «Ֆրանսիան մնում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի մասնակիցը եւ կատարելու է այն»:
«Մենք պետք է պաշտպանենք Իրանի հետ առեւտուր անող ընկերություններին, պաշտպանենք նրանց ներդրումները: Այդ ընկերությունների դեմ պատժամիջոցներն օրինական չեն»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Բեռլինն ի գիտություն է ընդունել իրանական թեմատիկայի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի ելույթը, բայց չի փոխել դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը կատարելու անհրաժեշտության հարցում:
«Մեզ համար իրադրությունը չի փոխվել,- շարունակել է նա:- Եվրամիությունը Սոֆիայի գագաթնաժողովում միասնական ազդանշան տվեց այն մասին, որ մենք ցանկանում ենք պահպանել Իրանի վերաբերյալ համաձայնագիրը»:
Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին սպառնացել է «դատական հետապնդմամբ» ի պատասխան Իրանի վրա ճնշումը շարունակելու եւ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի վերջերս արած հայտարարությունների:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի պետքարտուղարի լպիրշ հայտարարությունները դիտարկում է որպես ակնհայտ միջամտություն Իրանի ներքին գործերին եւ անօրինական սպառնալիք ՄԱԿ-ի անդամ պետության դեմ, եւ իրեն դատական հետապնդման իրավունք է վերապահում»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ մայիսի 21-ին Վաշինգտոնում՝ «ժառանգություն» ոչ կառավարական հիմնադրամում հանդես գալով Իրանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի քաղաքականությանը նվիրված ծրագրային ճառով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: