«Թանգարանների գիշեր» ծրագրին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը մասնակցեց երաժշտական միջոցառումներով
Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանն առաջիններից է միացել «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջոցառումներին։
Այս տարի էլ տուն-թանգարանը, ի թիվս Հայաստանի և Արցախի 116 թանգարանի, 15-րդ անգամ միացել էր աշխարհի 30 հազար թանգարանի և, որպես գերհաղորդակցվող թանգարան, մի ամբողջ օր այցելուներին
կոմպոզիտորի կյանքի ու գործունեության ուշագրավ դրվագներին ծանոթանալու և նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ գործող ինտերակտիվ-վիրտուալ խաղերը վայելելու հնարավորություն էր ընձեռել։
«Թանգարանների գիշեր» ծրագրի շնորհիվ Ալ. Սպենդիարյանի անվան հետ կապված երկու հաստատությունների՝ տուն-թանգարանի և երաժշտական մասնագիտական դպրոցի համագործակցությունը դարձել է ավելի երաժշտական։ Հայաստանի առաջին երաժշտական տուն-թանգարանը և առաջին մասնագիտական երաժշտական դպրոցը ներկայացրել են 2800-ամյա մայրաքաղաքի զարգացման փուլերը «Երևանյան հնչյունները՝ Նալբանդյան 21-ում» խորագրով բացօթյա բազմաժանր համերգում։
«Ամեն տարի համոզվում ենք, որ այցելուներն ավելի ու ավելի են հետաքրքրվում այս միջոցառումներով և սպասելիքներ ունեն նաև մեր թանգարանից։ Իսկ այս տարի առավել պատասխանատու էր մասնակցությունը, քանի որ մեր միջոցառումները նվիրել ենք Երևանի 2800-ամյակին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին։ Փորձում ենք հնարամտությամբ և համագործակցության ամենատարբեր ձևերի միջոցով արդյունավետություն ապահովել և ստանալ այցելուի գոհունակությունը»-մարդաշատ բացօթյա համերգի հնչունների ներքո փաստեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։
Մայրաքաղաքի Նալբանդյան 21 հասցեում գտնվող շենքը 1926 թվականից Երևանի ճարտարապետական դիմագիծն ամբողջացնող պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում ընդգրկված հանրապետական նշանակության հուշարձան է: Այդ շենքում գործող արդեն 51-ամյա տուն-թանգարանը հիմնադրման օրվանից՝ 1967 թվականի նոյեմբերի 25-ից մայրաքաղաքի մշակութային կյանքն ամբողջացնող միավորներից է։