Վրաստանի և ՌԴ-ի միջև առևտրական շրջանառությունն աճել է
2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի հետ Վրաստանի առեւտրական շրջանառությունը 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ ավելացել է 23,5 տոկոսով՝ մինչեւ 421,8 մլն դոլար:
Այդ մասին հայտնել են հանրապետության Վիճակագրության ազգային ծառայությունում: Նրա տվյալներով՝ վրացական ապրանքների արտահանումը ՌԴ, որը հիմնականում բաղկացած է եղել ֆեռոհամահալվածքներից, ինչպես նաեւ խաղողի գինուց, հանքային ջրերից եւ ոգելից խմիչքներից, ավելացել է 3,3 տոկոսով՝ մինչեւ 129,3 մլն դոլար: Արդյունքում՝ Ռուսաստանը, ինչպես եւ մեկ տարի առաջ, առաջին տեղն է զբաղեցրել վրացական արտադրանք ներմուծողների շարքում:
Հանրապետություն ռուսական ապրանքների ներմուծումը, որը գլխավորապես բաղկացած է նավթից ու նավթամթերքներից, ցորենից, սննդամթերքներից, կոքսից եւ քարածխից, աճել է 35,3 տոկոսով՝ մինչեւ 292,6 մլն դոլար, ինչից հետո Ռուսաստանն այդ ցուցանիշով երրորդից տեղափոխվել է երկրորդ հորիզոնական:
Ռուսաստանին, որը Թուրքիայից հետո երկրորդ դիրքն է զբաղեցնում Վրաստանի հիմնական առեւտրական գործընկերների թվում, բաժին է ընկել երկրի ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 11,2 տոկոսը:
Վրաստանի առեւտրական գործընկերների առաջին տասնյակում են նաեւ Ադրբեջանը (9,6 տոկոս), Չինաստանը (6,9 տոկոս), Ուկրաինան (5,2 տոկոս), Հայաստանը (4,7 տոկոս), ԱՄՆ-ը (4,1 տոկոս), Գերմանիան (4,0 տոկոս), Բուլղարիան (3,4 տոկոս), Ֆրանսիան (3,3 տոկոս): Հանրապետությունը հունվար-ապրիլ ամիսներին արտահանա-ներմուծական գործողություններ է իրականացրել 126 երկրի հետ:
ԱՊՀ-ի երկրների հետ առեւտրական շրջանառությունն անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 28,6 տոկոսով՝ մինչեւ 1 մլրդ 320,5 մլն դոլար, Եվրամիության երկրների հետ՝ 25,7 տոկոսով՝ մինչեւ 1 մլրդ 70,1 մլն դոլար: Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունն ընթացիկ տարվա չորս ամսվա ընթացքում կազմել է 3 մլրդ 783,2 մլն դոլար, ինչը 22,1 տոկոսով ավելի է, քան 2017 թվականի նույն ժամանակաշրջանում: Արտահանումն աճել է 22 տոկոսով՝ մինչեւ 961,4 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 22,2 տոկոսով՝ մինչեւ 2 մլրդ 821,8 մլն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: