«Զանգել եմ, շնորհավորել». Մովսես Հակոբյանը՝ Արմեն Գրիգորյանի նշանակման մասին
«Վերաբերմունք չունեմ։ Զանգել եմ, շնորհավորել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր քրոջորդու՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանի՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու փաստին։
«Ինքը հասուն մարդ է վաղուց, 18 տարին լրացել է 17 տարի առաջ»,- նկատեց ԶՈՒ ԳՇ պետը։
Մովսես Հակոբյանը չընդունեց, որ նախքան հեղափոխությունն ինքը և Ա.Գրիգորյանը քաղաքական տարբեր բևեռներում են եղել, ինքը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք տարբեր պաշտոններ է զբաղեցրել, իսկ Գրիգորյանը պայքարել է Սարգսյանի իշխանության դեմ։
Ակնարկելով, որ ԶՈՒ ԳՇ-ն չի առնչվում քաղաքականությանը, Մ. Հակոբյանը խորհուրդ տվեց կարդալ ՀՀ Սահմանադրությունը և ԶՈՒ ԳՇ գործառույթները. «Այնտեղ ձեր հարցի պատասխանը կա»։
Հարցին՝ լա՞վ կաշխատի՝ որպես ԱԽ քարտուղար, Մ.Հակոբյանը պատասխանեց. «Ինձ մոտ չի աշխատել, չգիտեմ»։