Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Կրկնօրինակը՝ ՀՀ բնապահպանության նախարար պարոն Էրիկ Գրիգորյանին
Մեծարգո պարոն վարչապետ
Դիմում ենք Ձեզ հետևյալ հիմնահարցի առիթով:
Ս.թ. մարտի 23-ին Մտավորականների խորհուրդը (ՄԽ) դիմել էր ՀՀ Կառավարությանը, հայտնելով իր խորը մտահոգությունը հանքարդյունաբերության, հատկապես մետաղային հանքերի և պոչամբարների կողմից շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա իրականացվող խիստ բացասական ազդեցության վերաբերյալ /նամակի պատճեն կցվում է/:
Ապրիլի 25-ին ստացվել է պատասխան ՀՀ Բնապահպանության նախարարությունից, որին կցվել են նաև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների, Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների տեսակետները քննարկվող հարցի շուրջ: Ստացված պատասխանը մեզ բոլարովին չի գոհացնում, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունները լիարժեք չեն տիրապետում բարձրացված հիմնախնդրի էությանը և չեն համագործակցում միմիանց հետ, ներկայացնելով մակերեսային և իրար հակասող, որևէ լուծում չպարունակող կարծիքներ:
Պատասխանից տպավորությունն այնպիսին է, որ նախարարությունները նոր են արձանագրում այն վտանգները և կանխարգելիչ միջոցառումները, որոնք պետք է նախատեսված լինեին դեռ մետաղական հանքերի շահագործման թույլտվությունը տալու պահին: Միայն հիմա են նախատեսում իրականացնել միջոցառումներ, որոնք պետք է իբր վերացնեն կուտակված վտանգավոր հետևանքները՝ միաժամանակ բողոքելով դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունից:
Մեր խորին համոզմամբ շրջակա միջավայրին հասցված վնասները, որոնք անկասկած ազդում են բնակչության առողջության վրա, հետևանք են շահագործողների կողմից գերշահույթ ստանալու մոլուցքի և պատկան մարմինների կողմից պատշաճ վերահսկողության բացակայության:
Հարգարժան պարոն վարչապետ:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այն արտառոց փաստին, որ հանքավայրերի արտադրանքի, հատկապես՝ մոլիբդենի, ոսկու արտահանման տուրքերը զրոյական են, իսկ ստացված շահույթի հարկման հնարավորությունները՝ անհասկանալի ու անվերահսկելի:
Համոզված ենք, որ բարձրացված խնդիրները օպերատիվ լուծման կարիք ունեն և նորընտիր Կառավարությունը կդրսևորի համապատասխան քաղաքական կամք այդ ուղղությամբ:
Մեր կարծիքով անհրաժեշտ է.
- Բացառել հանքարդյունաբերության դիտարկումը որպես ՀՀ զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը:
- Բացահայտել ոլորտում առկա կոռուպցիոն երևույթները:
- Ստեղծել միջգերատեսչական համակարգող հանձնաժողով անկախ փորձագետների մասնակցությամբ (երկրաբան, բնապահպան, քիմիկոս, իրավաբան, տնտեսագետ, հիգիենիստ):
- Իրականցնել նախորդ նամակում արդեն նշված միջոցառումները: Այն է`
- Ձեռնարկել տարաբնույթ նորարական միջոցառումներ հանքարդյունա-բերության բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնեու նպատակով: Կասեցնել շրջակա միջավայրի համար հատկապես վտանգավոր մետաղային հանքերի շահագործումը մինչև հասցված վնասի վերացումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ օրինակ՝ Թեղուտի հանքավայր: Առկախել նոր թույլտվությունների տրամադրումը:
- Անհապաղ միջոցներ ձեռնարկել վնասված և աղտոտված տարածքների վերականգնման և բնությանը հասցված վնասը փոխհատուցելու ուղղությամբ՝ առաջնային համարելով Լոռու և Սունիքի մարզերը:
- Ուսումնասիրել ազդակիր համայնքների առողջապահական, սոցիալական վիճակի բնութագիրը և դրա հիման վրա բնակչությանը ցուցաբերել ամբողջական աջակցություն,
- պատասխանատվության ենթարկել բնությանը և տեղի բնակչությանը վնաս հասցրած մասնավոր ձեռնարկություններին:
Ակնկալում ենք հանդիպում՝ վերընշված, ինչպես նաև այլ հրատապ հիմնախդիրները քննարկելու համար:
Մտավորականների խորհրդի անունից՝
ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՝ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ՝ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ՝ արտակարգ ու լիազոր դեսպան, Հայ–ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ՜ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ՝ քիմիական գիտ. թեկնածու
ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ՝ Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտություննրի.դոկ.
ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ՝ Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր
ԺԱՍՄԻՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ՝ ՆԵՐՈՒԺ ՀԿ տնօրեն
ԵԼԵՆԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ՝ Բժշկական գիտ.թեկ.
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ՝ ՄԽ համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ ղեկավար