Դելին 10 տարի անց կդառնա աշխարհի խոշորագույն մեգապոլիսը՝ գերազանցելով Տոկիոյին. ՄԱԿ
Երկրագնդի քաղաքների բնակչությունը 2050 թվականին կհասնի 6,7 մլրդ մարդու, իսկ արդեն 2028 թվականին ամենախոշոր գերքաղաքը կդառնա Դելին՝ հետ մղելով ներկայիս ռեկորդակրին՝ Տոկիոյին:
Այս կանխատեսումը ներկայացրել է ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական հարցերի դեպարտամենտը: Ըստ նրա գնահատումների՝ տասը տարի անց մայրաքաղաք Նյու Դելին ընդգրկող հնդկական ագլոմերացիայում կապրի 37,2 մլն մարդ:
«Տոկիոն աշխարհի խոշորագույն քաղաքն է, որի ագլոմերացիայում ապրում է 37 մլն մարդ, նրան հաջորդում են Դելին՝ 29 միլիոնով, Շանհայը՝ 26 միլիոնով, Մեխիկոն եւ Սան Պաուլուն, որոնցից յուրաքանչյուրի բնակչության թվաքանակը կազմում է մոտավորապես 22 միլիոն:
Այսօր Կահիրեն, Մումբայը, Պեկինը եւ Դաքքան ունեն գրեթե 20-ական մլն բնակիչներ: 2020 թվականից Տոկիոյի բնակչությունը կսկսի կրճատվել, մինչդեռ Դելին կշարունակի աճել եւ աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքը կդառնա մոտավորապես 2028 թվականին»,-հայտնել են դեպարտամենտում:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ներկայում քաղաքներում ապրում է Երկրի մոտավորապես 7,6 մլրդ բնակչության 55 տոկոսը: Փորձագետները ենթադրում են, որ 21-րդ դարի կեսին, երբ մոլորակի բնակիչների թիվը կհասնի 9,8 միլիարդի, այդ ցուցանիշը կավելանա մինչեւ 68 տոկոս: Նրանք կանխատեսում են, որ 2030 թվականին աշխարհում կլինի արդեն ոչ թե 33, այլ 43 քաղաք՝ յուրաքանչյուրը 10 միլիոնից ավելի բնակչությամբ: Ընդ որում՝ դրանց մեծամասնությունը կգտնվի զարգացող երկրներում, հաղորդել ՏԱՍՍ-ը: