«Տարոն Մարգարյանը և բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հրաժարական տան». Ալեն Սիմոնյան

Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, ով այսօր ստացել է պատգամավորական մանդատը, քաղաքապետարանում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցներին մեղադրեց սադրիչ գործողությունների մեջ։ Ըստ նրա՝ եթե աշխատակիցն աշխատանքի ժամին իր պարտականությունները կատարելու փոխարեն իջնում է ակցիայի մասնակիցների մոտ, դա սադրանք է։

Քաղաքապետարանի մուտքի մոտ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակից ներկայացած անձից Ա.Սիմոնյանը պահանջեց ազատել ճանապարհը և թույլ տալ քաղաքացիներին անցնել ներս՝ իր մոտ ընդունելության։ Նա նշեց, որ ակցիայի մասնակիցների շրջանում նկատել է նաև թաղապետարանի աշխատակիցների, նաև կողքի մասնաշենքից աշխատակիցներ կան. «Դա ինձ համար մտահոգիչ է, որովհետև էս լարված իրավիճակում սենյակներից հանել բաժնի պետերին և բերել մարդկանց հետ անմիջական շփման, դա բացահայտ սադրանք է»։

Ա.Սիմոնյանը հրաժարվեց մեկնաբանել քաղաքապետարանի հայտարարություն-դիմումը ոստիկանությանը՝ կարգը պաշտպանելու պահանջով, և նշեց, որ դա իր կողմից ճնշում կդիտվեր։

Քաղաքացիները, Ա.Սիմոնյանի կարծիքով, իրավունք ունեն իր պահանջով լինեն Երևան քաղաքին պատկանող շինությունում, թեև այն հատուկ պահպանվող շենք է. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքական լուրջ իրավիճակ կա, այսօր ՀՀ-ում քաղաքական իրավիճակ է փոխվել և սա բնական ու տրամաբանական շարունակություն է»։

Հարցին, թե ի՞նչ ելք է տեսնում այս իրավիճակում, արդյո՞ք Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա, Ա.Սիմոնյանը պատասխանեց, որ դա պետք է քաղաքապետը որոշի. «Կարծում եմ, որ քաղաքապետը պետք է իր որոշումը կայացնի ոչ միայն քաղաքացիների պահանջով, այլ նաև դա նորմալ քաղաքական իրողություն է, երբ քաղաքական թիմը հեռանում է և քաղաքական թիմն ամբողջությամբ է հեռանում։ Էլ չեմ ուզում գնահատականներ տալ այն տարիների վերաբերյալ, որոնց ընթացքում ՀՀԿ-ն և Տարոն Մարգարյանը ղեկավարել է Երևան համայնքը»։

Ա.Սիմոնյանի կարծիքով՝ Տարոն Մարգարյանը և մնացած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է շուտ հրաժարական տան՝ նախ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, իրավիճակից ելնելով, և իրենց գործունեության պատճառով. «Չի կարող այնպես լինել, որ շարժումը մարի»։

Անդրադառնալով Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգում աշխատանքներ կատարելու փաստին՝ Ա.Սիմոնյանը նշեց, որ նոր այգու նախագծում որևէ խոսք չի եղել ծառահատման մասին, դրանից անտեղյակ է եղել նաև ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս