Բաժիններ՝

Կաննում կայացել է «Հան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» ֆիլմի պրեմիերան

Կաննի փառատոնի շրջանակներում կայացել է «Հան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» հանրաճանաչ կինոպատումի նոր մասի պրեմիերան: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Վերջին տարիներին ստուգատեսը տեղի չի ունենում առանց ամերիկյան բլոկբաստերների՝ աղմուկ հանած պրեմիերաների: Այս անգամ Լազուր ափին մրցույթից դուրս ներկայացրել են Ռոն Հովարդի «Հան Սոլո. Աստղային պատերազմներ:

Պատմություններ» ֆիլմը, որտեղ պատմվում է սկսնակ մաքսանենգ եւ օդաչու Հան Սոլոյի պատմությունն Օլդեն Էրենռայքի կատարմամբ: Կինոնկարի նկարահանող խումբը՝ Էմիլյա Քլարքը, Փոք Բետանին, Օլդեն Էրենռայքը, Դոնալդ Գլովերը, Վուդի Հարելսոնը, Ռոն Հովարդը՝ Չուբաքքայի գլխավորությամբ, անցել են կարմիր ուղեգորգով: Լրագրողները բավականին ջերմ են ընդունել ֆիլմը:

«Ինձ շատ դուր եկան նոր «Աստղային պատերազմները»: Ֆիլմն ստիպեց ինձ կրկին երեխա զգալու: Դա կատարյալ զվարճանք է, իսկական արկած, որն էլ սպասում ես այդ կինոնկարից: Այն մեզ կրկին վերադարձնում է մանկությունից ծանոթ աշխարհը»,- նշել է քննադատ Ալեքս Բիլինգթոնը: Իր հերթին քննադատ Ջեյսոն Գրոբերը նշել է, որ Էրենռայքի համար դյուրին չի եղել մտնել հռչակավոր Հան Սոլոյի դերի մեջ, որն սկզբնական ֆիլմում խաղացել է Հարիսոն Ֆորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս