«Արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն խորհրդարան չի անցնի, եթե…». Քաղտեխնոլոգ

«Ձևավորվեց նոր նախարարություն, որի անդամների մեծ մասը գրեթե նոր են՝ բացի 1-2  նախարարից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա դիտարկմամբ՝ սա քաղաքական համակարգի վերաֆորմատավորումն է. «Առաջին քայլը կատարվեց, կառավարության կազմը եղավ, սրան հետևելու է նախարարների տեղակալների փոփոխություններ, որին հետևելու է մարզպետների և նրանց տեղակալների փոփոխություն, խոշոր համայնքների ղեկավարների փոփոխություն, և նոր իշխանությունն ամրապնդելու է իր վարչական ռեսուրսը»:

Ա. Բադալյանի խոսքով՝ խնդիրն այն չէ` նախարարները երիտասարդ են, թե ոչ, այլ՝ այն, թե կառավարությունը կկարողանա՞ իր առջև դրված նպատակներն իրականացնել. «Օրինակ, կկարողանա՞ վերացնել մենաշնորհները, եթե երիտասարդը կվերացնի մենաշնորհը, շատ լավ է, եթե՝ ոչ երիտասարդը կվերացնի, էլի լավ է: Խնդիրն այն է, թե կառավարությունն ինքն իր առջև դրած նպատակները կիրականացնի՞, թե՞ չէ: Իսկ այդպիսի արձագանքներ արդեն գալիս են:

Մասնավորապես, Մաքսայինում արդեն սկսել են բավականին օպերատիվ ձևով աշխատել, ինչը ցույց է տալիս, որ այս  կառավարության փոփոխությունն արդեն սկսել է ազդել թեկուզ այդ մաքսային, հարկային գործընթացների վրա»:

Հարցին՝ վարչապետի գործունեության թափանցիկությունն արդյոք բավարա՞ր է, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, վարչապետը նոր ոճ է ընտրել, երբ սկսում է Ֆեյսբուքով ցույց տալ իր աշխատասենյակը, թե որտեղ է ապրում, և այլն: Դա, իհարկե, թափանցիկության ավելի հասարակ ձևն է, կինոյի ձևն է, բայց իրականում կառավարության թափանցիկությունը Մաքսայինում, Հարկայինում, դատաիրավական համակարգում որոշումներ ընդունելու մեխանիզմի թափանցիկությունն է: Կառավարությունը նոր է ձևավորվում, մենք պետք է տեսնենք՝ նա իրոք թափանցի՞կ է աշխատում, թե՞ ոչ»:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնի «Քաղաքացիական պայմանագիրը» կամ «Ելքը», ԲՀԿ-ն, եթե գրագետ քարոզարշավ տարվի, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը: Ըստ Ա. Բադալյանի՝ եթե փողը չաշխատի այդ ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ն ընդհանրապես խորհրդարան չի անցնի:

Տեսանյութեր

Լրահոս