ՀՀ մշակույթի նախարարության պարզաբանումը
ՀՀ մշակույթի նախարարությանը վրդովեցրել է «Մշակույթի նախարարության աշխատակիցները պետության հաշվին արտասահման են մեկնել հանգստի» հոդվածի վերնագիրը։ Նախարարությունը հերքում է ուղարկել՝ նշելով, թե այն չի համապատասխանում իրականությանը:
Նախարարությունը պնդում է, որ իր աշխատակիցների արտասահմանյան գործուղումներն իրականացվում են բացառապես միջազգային համագործակցության շրջանակներում, մի շարք կոնվենցիաների և միջազգային կառույցների (ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՊՀ, ԵԱՏՄ, Եվրամիություն, Եվրոպայի Խորհուրդ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն և այլն) նիստերին, խորհրդաժողովներին, խորհրդակցություններին մասնակցելու, Հայաստանի մշակույթը օտարերկրյա պետություններում ամենատարբեր ձևաչափերով (մշակույթի օրեր, քաղաքակրթական ցուցահանդեսներ, միջազգային փառատոներ և այլն), որպես ծրագրի ընդհանուր համակարգող ներկայացնելու, բովանդակային ու կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նախարարությունը, հաշվի առնելով վերոգրյալը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, պահանջում է հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակել ՀՀ մշակույթի նախարարության պատասխանը:
168.am. Սակայն, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունն է արձանագրել, որ նախարարության աշխատակիցները (բացառությամբ նախարարի և տեղակալների) մեկնել են արտասահման գործուղումների՝ առանց ՀՀ վարչապետի որոշումների՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները։ Իսկ այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից վճարված գումարը կազմել է 33 մլն 411.6 հազար դրամ:
Այսինքն՝ տվյալ դեպքում, եթե «գործուղում» կոչվածը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ, այն չի կարելի անվանել գործուղում։ Հետևաբար՝ այն մասնավոր այցելություն է կամ հանգիստ։